Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը հայտնել է մեծ հանրահավաքի և պայքարի նոր փուլի մեկնարկի մասին։
Ըստ հայտարարության՝ նոր փուլն սկսվում է հուլիսի 12-ին՝ ժամը 18:00-ին՝ «Ազատության» հրապարակից։ Երթով շարժվելու են դեպի համապատասխան պետական հաստատություններ և իրականացնելու են զանգվածային անհնազանդության ակցիաներ։
«Մենք հաստատակամ ենք մեր խոստումներում և չենք շեղվելու մեզ հանձն առած ուղուց։ Մեր օրակարգը պաշտպանողները պիտի լինեն մեզ հետ, մեր կողքին»,- ասվում է հայտարարության մեջ։
Խորհուրդը Հայաստանյաց Առաքելական սուրբ եկեղեցուն, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությանը, Սփյուռքի բոլոր կազմակերպություններին, արցախյան և հայաստանյան հասարակական կազմակերպություններին ու քաղաքական ուժերին, Արցախի իշխանություններին և համայն հայ ժողովրդին կոչ է արել միավորվել Արցախի գաղափարի շուրջ և Արցախի հարցը դարձնել համահայկական։
Ապրիլից Հայաստանի իշխանությունները կրճատել էին «40+10» աջակցության ծրագրով բնակվարձի փոխհատուցում ստացող արցախցիների թիվը՝ բացատրելով, որ այդ աջակցությունը խոչընդոտում է բռնի տեղահանվածներին բնակարանով ապահովելու երկարաժամկետ պետական ծրագրերին։ Այդ որոշման դեմ մարտի 29-ին արցախցիները հանրահավաք էին անցկացրել, որտեղ պահանջել էին շարունակել բնակվարձի փոխհատուցումը, ինչպես նաև երկարաժամկետ սոցիալական ծրագրեր նախաձեռնել։ Նույն օրը նրանք վրաններ էին տեղադրել «Ազատության» հրապարակում։
Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամներն ապրիլի 29-ին տեղեկացրել էին, որ «Ազատության» հրապարակից հեռացնելու են վրանը և տեղակայելու են Արցախի ներկայացուցչությունում։ Նրանք նաև ասել էին, որ ապրիլի 30-ին կառավարությունը ոչ միան երկարաձգելու է «40+10» ծրագիրը, այլև ընդունելու է խորհրդի ներկայացրած պահանջները։
Կարդացեք նաև՝
«Մեկ տարի առանց Արցախի». 2023թ․ ադրբեջանական հարձակման և բնիկ հայերի տեղահանության ժամանակագրություն
Բարձր հարկեր և աջակցության բացակայություն. ի՞նչ դժվարություններ ունի արցախյան բիզնեսը Հայաստանում