ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Trump Route for International Peace and Prosperity («Միջազգային խաղաղության և բարգավաճման համար Թրամփի երթուղի»-խմբ.) նախագծի շինարարությունը կսկսվի 2026 թվականի երկրորդ կեսին։ Նա այդ մասին տեղեկացրել է ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ։
Փաշինյանը պարզաբանել է, որ նախագծի մանրամասները կավարտվեն մինչև տարեվերջ՝ համաձայն օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների։
Վարչապետը նշել է, որ նախագծի իրականացման բոլոր հիմնական պարամետրերը և պայմանները պետք է համաձայնեցվեն մինչև 2026 թվականի կեսերը, իսկ շինարարական աշխատանքները կսկսվեն տարվա երկրորդ կեսին։
Նա ընդգծել է, որ երկաթուղին կկառուցվի խորհրդային ժամանակներում գոյություն ունեցող երթուղով, գազամուղն անցնելու է դրանից էականորեն հյուսիս, էլեկտրագծերը՝ ավելի հյուսիս։
«Ես սրա մասին չէի ուզում ասել, որովհետև իմ փորձը ցույց է տալիս, որ նման պլանները միշտ ժամկետի մեջ շեղում են ունենում»,- հավելել է վարչապետը։
Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն ԱՄՆ-ի միջնորդությամբ հռչակագիր էին ստորագրել, որով նաև նախատեսվում է ստեղծել TRIPP տրանսպորտային երթուղի: Կողմերը նաև նախաստորագրել էին խաղաղության համաձայնագրի նախագիծ, որն օգոստոսի 11-ին հրապարակվել էր ՀՀ ԱԳՆ-ի կողմից: Փաստաթղթի համաձայն՝ կողմերը միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունեն և հետագայում նման պահանջներ չեն առաջադրելու:



































