ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «5-րդ ալիք»-ին տված հարցազրույցում մեկնաբանել է իշխանությունների գործողությունները «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի դեմ, վերջինիս քաղաքական ուժ ստեղծելու ծրագրերը, ինչպես նաև իշխանությունների կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ արշավը:
«Կարապետյանը քաղաքական գործունեության փորձ չունի, բայց շատ մեծ համակարգեր կառավարելու փորձ ունի: Հիմա ես ենթադրում եմ, որ կստեղծեն քաղաքական թիմ, կլրացնեն այն մարդկանցով, որոնք այս տեսանկյունից որոշակի փորձ ունեն և, միգուցե, ինչպես նրանք են հայտարարում, որոշակի տեխնոկրատների թիմ կձևավորեն, ինչը նորություն կլինի մեր քաղաքական դաշտում»,- ասել է Քոչարյանը գործարարի քաղաքական ուժ ստեղծելու ծրագրերի վերաբերյալ:
Նա կարծիք է հայտնել, որ Կարապետյանը, մտնելով քաղաքականություն, լրացնում է քաղաքական դաշտում նոր դեմքերի պահանջարկը:
«Ըստ էության՝ այսօր արդեն քաղաքական դաշտում կա երկու մեծ միավոր, մեկը՝ «Հայաստան» դաշինքն է, մյուսը՝ Կարապետյանի ստեղծվող քաղաքական ուժը, որի ծավալներն այսօր դժվար է կանխատեսել։ Պոտենցիալը մեծ է, կախված, թե ի՞նչ ձևով նրանք կոնկրետ աշխատանքները կկազմակերպեն»,- հավելել է նախկին նախագահը:
Մեկնաբանելով Կարապետյանի ձերբակալությունը՝ նա ընդգծել է, որ նրա հետ կատարվածը «բարեգործի, գործարարի նկատմամբ ֆանտաստիկ ապերախտություն է», ինչպես նաև հարված բարեգործությանը՝ որպես հանրային ինստիտուտ:
Նշելով, որ Կարապետյանի բարեգործության մասշտաբները կարելի է համեմատել միայն գործարար Քըրք Քըրքորյանի նմանատիպ գործունեության հետ, Քոչարյանն ընդգծել է, որ Կարապետյանը Հայաստանում ստեղծել է հազարավոր աշխատատեղեր:
Նախկին նախագահը Կարապետյանի դեմ իշխանությունների հարձակումը որակել է «ուղղակի հիմարություն»՝ արտասահմանյան ներդրումների կտրուկ կրճատման համատեքստում:
«Ներդրողին այս վիճակում դնել մի նախադասության համար՝ խայտառակություն է»,- նշել է Քոչարյանը:
Նա նաև միջադեպը որակել է որպես հաշվեհարդար և կարծիք հայտնել, որ իշխանությունների նպատակն է ժամանակավոր կառավարիչ ունենալ ՀԷՑ-ում՝ առաջիկա ընտրությունների ժամանակ «այս համակարգն ընտրական նպատակներով օգտագործելու» համար:
Նախկին նախագահը նաև ենթադրել է, որ Կարապետյանը, լինելով եկեղեցուն մոտ, չէր կարող մի կողմ քաշվել իշխանությունների կողմից Հայ Առաքելական եկեղեցու վրա հարձակման ֆոնին:
Քոչարյանը նաև մեկնաբանել է իշխանությունների կողմից եկեղեցու դեմ արշավը: Նա կարծիք է հայտնել, որ Էջմիածնում նախատեսված հանրահավաքը չի կայանա, քանի որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր փողոցային մոբիլիզացիայի ռեսուրս չունի, և նա չի կարողանա բավարար թվով մարդկանց հավաքել «հայտարարած օպերացիան» իրականացնելու համար։
Միևնույն ժամանակ, նախկին նախագահը վստահություն է հայտնել, որ եկեղեցին նման ռեսուրս ունի։ Նրա խոսքով՝ եկեղեցին պետք է պաշտպանվի և դիմի ժողովրդին։ Նա նաև կոչ է արել եկեղեցու վրա հարձակումների կազմակերպիչներին օտարել եկեղեցուց և նշել, որ եկեղեցու գործողությունները կստանան ժողովրդի և քաղաքական ուժերի աջակցությունը։
Միևնույն ժամանակ՝ նա ասել է, որ եկեղեցին չափազանց զգույշ է և, հնարավոր է, բավարար չափով չի հավատում այս ուժի գոյությանը։
«Եկեղեցու նկատմամբ և հարգալից վերաբերմունքը, և հավատն այնքան խորն է նստած մարդկանց մոտ, որ իշխանության համար սա կրակի հետ խաղալ է, և չեմ բացառում, որ Փաշինյանը հասկանում է սա»,- ընդգծել է Քոչարյանը։
ՀՀ ներքին գործերի նախարարության հատուկ նշանակության ստորաբաժանումները հունիսի 17-ին խուզարկություններ էին սկսել Կարապետյանի տանը՝ Երևանում նրա կողմից՝ Հայ Առաքելական եկեղեցու և հոգևորականության նկատմամբ իշխանությունների գործողությունները քննադատելուց հետո։ Հունիսի 18-ից Կարապետյանը երկու ամսով կալանավորվել էր, նրան մեղադրում են իշխանությունը զավթելու կոչեր անելու մեջ: