«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը հայտնել է, որ իր փաստաբանական խմբի բազայի վրա հրավիրելու է տարբեր անաչառ փաստաբանների, որոնք կփորձեն վերանայել վերջին յոթ տարիների անօրինական դատական գործերը և պայքարել ցանկացած հայ մարդու խախտված իրավունքների համար։
«Այդ ամենի համար պատրաստ եմ միջոցներ տրամադրել։ Շուտով արդարությունը և արդարադատությունը վերականգնվելու է»,- հայտարարել է նա:
Կարապետյանի խոսքով՝ անազատության մեջ գտնվելով հասկացել է, որ հայրենիքին այսօր ավելի անհրաժեշտ է պայքարելու և չհանձնվելու կամքը։
«Ամեն օր միջանցքներում և տեսակցության վայրերում հանդիպելով կալանավորներին՝ զարմանում եմ, թե ինչքան ծաղկուն տարիքի տղաներ են այստեղ գտնվում, և վստահ եմ, որ նրանցից շատերը՝ ինձ նման անօրինական որոշումների հիման վրա, իսկ ոմանք՝ ոչ մեծ հանցագործությունների արդյունքում են հայտնվել այստեղ։ Եվ չվախենալով հսկիչների ներկայությունից՝ բղավում են, որ իրենց վերջին հույսը ես եմ»,- հայտնել է բարերարը։
Նա նաև ենթադրություն է հայտնել, որ ձերբակալվել է Ադրբեջանի պահանջով, որտեղ դեռևս 2021 թվականի հունիսի 18-ից իր նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարված։
«4 տարի անց՝ 2025 թվականի նույն օրը՝ հունիսի 18-ին, Հայաստանում, Հայ դատավորի կողմից կալանավորվեցի և արդեն 3-րդ օրն է անցկացնում եմ բանտի խցում»,- նշել է Կարապետյանը։
Կարապետյանը հունիսի 17-ին մեկնաբանել էր Հայ Առաքելական եկեղեցու դեմ Հայաստանի իշխանությունների արշավը, որից հետո Ներքին գործերի նախարարության հատուկ նշանակության ստորաբաժանումները խուզարկություններ էին սկսել «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահի տանը՝ Երևանում։ Վարչապետը խիստ էր արձագանքել Կարապետյանի հայտարարությանը:
Խուզարկության մեկնարկից մոտ ութ ժամ անց՝ գիշերը ժամը երեքին, Սամվել Կարապետյանը ոստիկանների ուղեկցությամբ դուրս էր եկել իր առանձնատնից և տեղափոխվել ՆԳՆ կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչություն, այնուհետև՝ Քննչական կոմիտե:
Ավելի ուշ ՔԿ-ն Armenia Today-ին հայտնել էր իշխանությունը զավթելու կոչեր անելու մեղադրանքով Կարապետյանին կալանավորելու միջնորդության մասին։ Ինքը՝ գործարարը, չի ընդունում մեղադրանքը և մտադիր է բողոքարկել այն բոլոր ատյաններում։ Կարապետյանի մամուլի ծառայությունն այս մեղադրանքներն անվանել էր ակնհայտ վախեցնելու և բռնաճշման փորձ։
Հունիսի 19-ին դատարանը երկու ամսով կալանավորել էր Կարապետյանին: Հավելենք, որ դատավարությունը, ներառյալ՝ դատավճռի հրապարակումից առաջ դատավորի գրեթե չորս ժամ տևողությամբ խորհրդակցությունը, տևել է ավելի քան ութ ժամ: Armenia Today-ը լսումները հեռարձակել է ուղիղ եթերով:
Կարդացեք նաև՝
ՔԿ-ն Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան