Պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն, Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդներն արժանի են խաղաղության և խաղաղ համակեցության, ԱԺ-ում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ պատերազմի որևէ հիմնավորում չկա, քանի որ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիությունը, ուժի և ուժի սպառնալիքի կիրառման անթույլատրելիությունը։
«Հիմնվելով այս իրողությունների վրա՝ Հայաստանում և Ադրբեջանում գործող բոլոր ուժերին և անհատներին կոչ եմ անում լինել ծայրահեղ պատասխանատու, չանել հայտարարություններ, որոնք ուղղակի կամ անուղղակի հակասում են նշված տրամաբանությանը, կասկածի տակ չդնել այս տրամաբանությունը։ Դա որևէ հեռանկար չունի»,- ասել է վարչապետը։
Նա հավելել է, որ Կառավարությունը չի շեղվելու խաղաղության օրակարգից, որքան էլ որ Հայաստանում և երկրից դուրս գտնվող «որոշ ուժեր պատերազմի ամենօրյա քարոզչություն են իրականացնում և դա կյանքի կոչելուն ուղղված կոնկրետ գործողությունների դիմում»։
«Այդ գործողությունների շարքում առանձնանում է Ադրբեջանի պատերազմական խոսույթը, խոսույթին զուգահեռ գործողությունները, որոնք արտահայտվում են Հայաստանին հրադադարի ռեժիմի խախտումների կեղծ մեղադրանքներով և Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի հաճախակի խախտումներով, եթե չասենք ամենօրյա։ Այդ խախտումները հիմնականում կրում են չթիրախավորված բնույթ, չնայած վերջին մեկ ամսվա ընթացքում Սյունիքի մարզի Խնածախ գյուղի թիրախավորման երկու կոնկրետ դեպք է արձանագրվել»,- ասել է նա։
Փաշինյանն ընդգծել է, որ այդ կրակոցները կա՛մ Ադրբեջանի զինված ուժերում անկարգապահության հետևանք են, կա՛մ նշված բնակավայրերի բնակչության նկատմամբ հոգեբանական ճնշում գործադրելու նպատակ ունեն։
«Վերահաստատում եմ՝ Հայաստանի բանակին տվել եմ հրադադարի ռեժիմը չխախտելու հստակ հրահանգ, և ՀՀ-ն պատրաստ է քննել մեր բանակի կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին տեղեկությունները։ Ադրբեջանին առաջարկում եմ սահմանային միջադեպերի, այդ թվում՝ հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության համատեղ մեխանիզմ ստեղծել, որը կգործի ամենօրյա ռեժիմով»,- հավելել է վարչապետը։
Ադրբեջանը մարտի 16-ից պարբերաբար հայտարարում է Հայաստանի հետ սահմանին իր դիրքերի ուղղությամբ կրակոցների մասին, որոնք Պաշտպանության նախարարությունը հերքում է։ Ադրբեջանի վերջին հայտարարությունը հերքվել էր ապրիլի 12-ին։
Մարտի 18-ին վարչապետի աշխատակազմը հայտարարել էր, որ Ադրբեջանը հայկական կողմին չի փոխանցել հրադադարի խախտման ապացույցներ, և շեշտել, որ ՀՀ բանակը հրադադարի խախտման պատճառ կամ հրահանգ չունի։ Ադրբեջանի ԱԳՆ-ն քննադատել էր վարչապետի աշխատակազմի հայտարարությունը և կրկնել Հայաստանի կողմից կրակոցների մասին կեղծ պնդումները։
Մարտի 25-ին ՊՆ-ն հայտարարել էր, որ Հայաստան-Ադրբեջան սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են կրակոցներ, որոնք չեն թիրախավորում ՀՀ տարածքը։ Արդեն մի քանի օր անց՝ մարտի 31-ին, Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ էր բացել Սյունիքի սահմանամերձ Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել էր բնակելի տուն։ ՔԿ-ն քրվարույթ էր հարուցել ադրբեջանական զինուժի կրակոցներից հետո։
Ապրիլի 14-ին ՀՀ ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը հայտնել էր՝ ոչ սահմանային իրադրությունը հարաբերականորեն կայուն է, կուտակումներ չկան։