ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտադիր է առաջիկայում դատաիրավական համակարգում լուրջ փոփոխություններ իրականացնել, հայտնել է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով ՔՊ-ում իր աղբյուրներին։
Ըստ տեղեկությունների՝ Փաշինյանը նպատակադրված է ամբողջությամբ փոխելու համակարգը՝ ուժայիններում կադրային լուրջ փոփոխություններ իրականացնելու ճանապարհով:
Թերթի տվյալներով՝ նաև այդ պատճառով է նախօրեին նա Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի գլխավորությամբ կառավարություն հրավիրել իրավական ոլորտի ներկայացուցիչներին, խորհրդակցություն անցկացրել դատական և իրավական բարեփոխումների, 2022-2026 թթ. ռազմավարության գործողությունների ծրագրի անվան տակ:
Թերթի աղբյուրի փոխանցմամբ՝ Փաշինյանի հիմնական դժգոհությունը դատական գործերի երկար քննություններն են, որի արդյունքում իրենց իշխանությունը հեղինակազրկվում է: Նա նախարարին հորդորել է հարցին արագ լուծում տալ:
Փետրվարի 25-ին կառավարությունում Փաշինյանը քննարկել էր դատական գործերի քննության ձգձգումների հետ կապված խնդիրները։