ՀՀ արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստիննե Գրիգորյանը դեռ ՄԻՊ-ի պաշտոնում (2022 թվականի փետրվարի 25-ից մինչև 2023 թվականի հունվարի 24) պարզել է, որ փորձում են իր հեռախոսին գաղտնալսող ծրագրեր ներբեռնել, հայտնել է «Հրապարակ»-ը՝ հղում անելով իր աղբյուրին։
Ըստ հրապարակման՝ նա անմիջապես դիմել է Հատուկ ծառայություններին՝ ճշտելու, թե արդյոք իրե՞նք են դա անում և ստացել է բացասական պատասխան։
«ԱԱԾ-ից հերքում ստանալով՝ նա հայտարարել է, որ այդ պարագայում մտադիր է աղմուկ բարձրացնել՝ նաև միջազգային կառույցներին տեղեկացնելով, որ ՀՀ ՄԻՊ-ին փորձում են գաղտնալսել»,- պատմել է թերթը:
Աղբյուրի տեղեկությամբ՝ «սպառնալիքից» հետո հատուկ ծառայությունները փոխել են դիրքորոշումը` ՄԻՊ-ին տեղեկացնելով, որ թյուրիմացություն է տեղի ունեցել, որ նպատակ չեն ունեցել իրեն գաղտնալսելու ու սխալմամբ է այդ ծրագիրը տեղադրվել իր հեռախոսում։
Ըստ թերթի՝ իրավապահ համակարգում խոսում են, որ այդ ընթացքում հատուկ ծառայություններն արդեն հասցրել են նրա հեռախոսից բավարար նյութեր ներբեռնել, այդ թվում՝ «ինտիմ բնույթի» և այժմ դրանք պահվում են որպես կոմպրոմատ Գրիգորյանի դեմ։
Հիշեցնենք, որ Գրիգորյանն Արտաքին հետախուզության ծառայության պետի պաշտոնում նշանակվել է 2023 թվականի հոկտեմբերի 4-ին։