Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ հայկական կողմը հրաժարվել է հավատարմագրել որոշ ռուս ներկայացուցիչների՝ որպես հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների ԱՊՀ դիտորդական առաքելության մասնակից։
Զախարովայի խոսքով՝ Ռուսաստանն ստացել է դիտորդական առաքելություն ձևավորելու խնդրանք և ներկայացրել է թեկնածուների ցուցակներ՝ «սահմանված ընթացակարգին համապատասխան»։ Սակայն ավելի ուշ, ըստ դիվանագետի, Երևանը «ոչ պաշտոնապես տեղեկացրել է առաքելության թվում մի շարք ռուս քաղաքացիների ընդգրկելու անցանկալիության մասին»։
«Խոսքը Պետդումայի երեք պատգամավորի և Կարաչայ-Չերքեզական Հանրապետության ընտրական հանձնաժողովի ներկայացուցչի մասին է»,- ասել է Զախարովան ճեպազրույցի ժամանակ։
Նա նշել է, որ Մոսկվան պաշտոնական պարզաբանում է խնդրել, բայց պատասխան չի ստացել, «այդ թվում՝ նման որոշման պատճառների վերաբերյալ»։ Զախարովայի խոսքով՝ նշված անձինք նախկինում չեն բախվել Հայաստան մուտք գործելու սահմանափակումների և չեն գտնվում Հայաստանի «սև ցուցակներում»։
Հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել մեկ տասնյակից ավելի քաղաքական ուժեր։ Կարապետյանի «Ուժեղ Հայաստան»-ը, «Քաղաքացիական պայմանագիր»-ը, «Միասնության թևեր»-ը, Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) և քաղաքական այլ ուժեր հայտարարել էին ընտրություններին մասնակցելու մտադրության մասին:


























