Ռուսաստանի քաղաքական ղեկավարությունը վերջին շրջանում հանդես է գալիս Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ կոշտ հայտարարություններով։
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Արևմուտքը փորձում է պառակտել Մոսկվայի դաշնակիցներին և Հայաստանին ներքաշել սխալ տրամաբանության մեջ:
Լավրովը հավելել է, որ այս ամենն արվում է միայն մեկ նպատակով՝ «Ռուսաստանին հնարավորինս ցավեցնելու և վնասելու համար»։
Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը նախազգուշացրել է, որ ԵՄ-ի հետ մերձեցման դեպքում Երևանը կկորցնի ԵԱՏՄ անդամությունն ու ռուսական գազի արտոնյալ գինը։
«Ինչպես հայտնի է՝ նա, ով փորձում է նստել երկու աթոռի վրա, ռիսկի է դիմում ցավոտ վայրէջք կատարել ուղիղ իր թուլացած հետույքի վրա»,- նշել է նա։
Մեդվեդևը վրդովմունք է հայտնել, որ ՀՀ իշխանությունները ցանկանում են պահպանել գազի՝ 177,5 դոլար սակագինը, երբ Եվրոպայում բորսայական գները հասնում են մինչև 590 դոլարի:
«Կովկասյան բարեփոխիչը հայտարարել է, թե Ռուսաստանը ցանկացած պարագայում պարտավոր է պահպանել գազի ներկայիս սակագինը, և կարևոր չէ, որ Եվրոպայում բորսայական գները մայիսին գտնվում են 570-590 դոլարի սահմաններում»,- ընդգծել է պաշտոնյան։
Մոսկվայից հնչող կոշտ քննադատության ֆոնին ՌԴ-ն սահմանափակել էր ՀՀ-ից մի շարք ապրանքների ներմուծումը։ «Ռոսսելխոզնադզորը» հայտնել էր, որ մայիսի 22-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցնում Հայաստանից ծաղիկների ներկրման նկատմամբ, կասեցրել «Ջերմուկ» հանքային ջրի բոլոր խմբաքանակների ներմուծումը։
«Ռոսպոտրեբնադզորը» խախտումներ հայտնաբերելուց հետո կասեցրել էր նաև Հայաստանից ներկրված ալկոհոլային արտադրանքի առանձին խմբաքանակների իրացումը։ Կարգավորողի տվյալներով՝ ՌԴ-ում սահմանված պահանջներին չի համապատասխանում «Վեդի-Ալկո» ՓԲԸ-ի, «Աբովյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ի և «Շահնազարյան գինու-կոնյակի տուն» ՍՊԸ-ի արտադրանքը։
Մայիսի 22-ին ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել էր, որ Եվրամիությանն անդամակցելու որոշման պարագայում Հայաստանը կկորցնի որոշակի արտոնություններ, երկրի համար կսահմանվեն մաքսատուրքեր, ինչպես նաև կփոխվեն գազի և էլեկտրաէներգիայի սակագները։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ էր արել հայկական իշխանություններին կողմնորոշվել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև, իսկ Լավրովն ավելի վաղ զգուշացրել էր ԵԱՏՄ արտոնությունների հնարավոր կորստի մասին:
Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել էր, որ Փաշինյանի՝ եվրաինտեգրման կուրսը տանում է «հասարակության պառակտման» և ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում Հայաստանի հնարավոր կորուստները գնահատել էր ՀՆԱ-ի 15-20%-ի չափով: Երևանում, միևնույն ժամանակ, վստահեցնում են, որ երկիրը դեռ չի պատրաստվում դուրս գալ Միությունից:




































