Դատարանը Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանին մեկ տարի 6 ամիս ժամկետով ազատազրկելու վճիռ է կայացրել։
Վարդազարյանին դատարանը մեղավոր է ճանաչել Քրեական օրենսգրքի 486 հոդվածի 2-րդ մասի երկրորդ կետով (արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելը՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները օգտագործելով, առավելագույն պատիժն ազատարզկում՝ երեք տարի ժամկետով-AT):
ԲԴԽ նախկին նախագահը չի ընդունում մեղադրանքը և լրագրողներին հայտարարել է, որ բողոքարկելու է դատարանի որոշումը։ Նա նշել է, որ իր նկատմամբ վճիռը քաղաքական պատվեր է։
Ըստ Վարդազարյանին առաջադրված մեղադրանքի՝ 2019 թվականի հուլիսի 19-ից զբաղեցնելով ԲԴԽ նախագահի պաշտոնը՝ նա միջամտել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անդրանիկ Սիմոնյանի կողմից արդարադատության իրականացմանը:
Մինչդեռ Վարդազարյանը կարծում է, որ նրա նկատմամբ գործընթացի սկսվել է այն պահից, երբ 2020-ին լինելով ԲԴԽ նախագահ՝ նա իր գործընկերներին կոչ էր արել «ցույց տալ, որ իրենք վնգստացող դատավորներ չեն» (դատավորներին այդպես էր անվանել վարչապետ Նիկոլ Փաշինյանը)։
«Այդ ժամանակ մարդ էր գալիս ու ասում՝ վարչապետը չի ուզում քո հետ աշխատի, հրաժարական տուր։ Ի պատասխան ասում էի, որ ինձ ոչ թե վարչապետը, այլ դատավորների ընդհանուր ժողովն է ընտրել, իսկ վարչապետն իրավասու չէ ինձ ազատել»,- լրագրողներին ասել է Վարդազարյանը։
Վարդազարյանի լիազորությունները կասեցվել էին 2021-ի ապրիլին։