Հայ Առաքելական եկեղեցու Գերագույն հոգևոր խորհրդի անդամ, «Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ Հայկ Իգնաթյանն իր աջակցությունն է հայտնել Մայր Աթոռին, կաթողիկոս Գարեգին Երկրորդին, հոգևորական դասին, որոնցից մեկին՝ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին այս պահին փորձում են ձերբակալել:
Իգնաթյանը կոչ է արել համախմբվել Հայ Առաքելական եկեղեցու շուրջ և ջանք չխնայել հայկական ինքնությունն ու ապագան պաշտպանելու համար:
«Որևէ մեկս իրավունք չունենք անտարբեր մնալ այս իրավիճակում, երբ հարձակման են ենթարկվում մեր ժողովրդի սրբությունները, երբ ի ուրախություն թշնամիների հարվածի տակ է դրվում մեր ազգային ամենակարևոր ինստիտուտը»,- նշել է Իգնաթյանը։
«Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ Նարեկ Կարապետյանը նույնպես ժամանել էր Էջմիածին և իր զորակցությունը հայտնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, որին իրավապահները փորձում էին բերման ենթարկել։
Հունիսի 27-ի առավոտյան իրավապահները նախ քննչական գործողություններ էին իրականացրել Շիրակի թեմի առաջնորդարանում, ապա ներխուժել էին Մայր Աթոռ՝ բերման ենթարկելու այդ պահին քահանայական ժողովի պատրաստվող Աջապահյանին, որի նկատմամբ հունիսի 26-ին իշխանությունը զավթելուն ուղղված կոչերի համար Քննչական կոմիտեն քրվարույթ էր նախաձեռնել։ Քաղաքացիները կանխել էին իրավապահների գործողությունները, թեպետ Աջապահյանը հայտարարել էր, որ պատրաստ է ներկայանալ։ Այնուհետ քաղաքացիները շրջափակել էին սրբազանի՝ Երևան՝ դեպքի ՔԿ ուղևորվող ավտոմեքենան։ Սկզբում երթով, հետո ավտոմեքենայով Աջապահյանն, ի վերջո, ուղևորվեց Երևան։
Հունիսի 19-ին դատարանը երկու ամսով կալանավորել էր «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանին այն բանից հետո, երբ նա քննադատել էր Ամենայն Հայոց կաթողիկոսի և հոգևորականների դեմ Հայաստանի իշխանությունների արշավը: Փաշինյանը խիստ էր արձագանքել Կարապետյանի հայտարարությանը: Դրանից հետո գործարարի երևանյան տանը խուզարկություններ էին անցկացվել, իսկ մոտ ութ ժամ անց՝ գիշերը ժամը երեքին, Կարապետյանը ոստիկանների ուղեկցությամբ դուրս էր եկել իր առանձնատնից և տեղափոխվել ՆԳՆ կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչություն, այնուհետև՝ Քննչական կոմիտե:
Ավելի ուշ ՔԿ-ն Armenia Today-ին հայտնել էր իշխանությունը զավթելու կոչեր անելու մեղադրանքով Կարապետյանին կալանավորելու միջնորդության մասին։ Ինքը՝ գործարարը, չի ընդունում մեղադրանքը և մտադիր է բողոքարկել այն եվրոպական դատարանում:
Կարդացեք նաև՝
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը երկու ամսով կալանավորվել է
Վստահ եմ՝ ՔՊ-ում կան պարկեշտներ, որոնց խորհուրդ եմ տալիս չդառնալ ազգի նզովյալներ․ Կարապետյան
Իշխանությունները հասան կետի, որում ՀՀ-ն Սփյուռքից զրո ներդրում ունի․ Սամվել Կարապետյան