«Տաշիր» ընկերությունների խմբի կալանավորված նախագահ Սամվել Կարապետյանի պաշտպանության խումբը հրապարակել է նրա նամակը, որում Կարապետյանը խոսել է Հայաստանի իշխանությունների քաղաքականության հետևանքով Սփյուռքի հետ ունեցած հարաբերությունների, ինչպես նաև ներդրումային միջավայրի մասին։
«Ինչ հաջողվեց ներկա իշխանություններին-մաս 4» վերնագրով նամակում Կարապետյանն անդրադարձել է Սփյուռքի ներկայությանը հայաստանյան կյանքում։
«Իշխանություններին հաջողվեց կարճ ժամանակահատվածում ամբողջովին ոչնչացնել Սփյուռքի ներկայությունը Հայաստանի կյանքում: Աբսուրդ է, որ արգելվում է Ֆրանսիայից, Հոլանդիայից, Ռուսաստանից և այլ երկրներից մեր հայրենակիցների մուտքը Հայաստան՝ նրանց ճանաչելով persona non grata: Կարճ ժամանակահատվածում հնարավոր նվազագույնին հասցրեցին Սփյուռքի գործարարների՝ հայրենի հողում ներդրումներ կատարելու, աշխատատեղեր ստեղծելու հայրենասիրական ցանկությունները։ Փոքր խմբակի՝ այլ երկրների ներքին գործերին իր ՀԿ-ների միջոցով միջամտող թոշակառուի մեծամիտ պահվածքի շնորհիվ է նաև այս ամենը»,- գրել է Կարապետյանը։
Նա, միևնույն ժամանակ, ընդգծել է, որ Սփյուռքը նաև լոբբիստական հզոր ուժ ունի:
«Երբեմն այնպիսի անընդունելի տպավորություն է ստեղծվում, որ Սփյուռքը Հայաստանի կարիքը չունի, Հայաստանն էլ՝ Սփյուռքի, ինչից մեր երկիրը կորցրեց ամենամեծ և ամենաարժեքավոր դաշնակցին Հայաստանի զարգացման համար: Մեր երկիրը գրեթե կորցրեց ամենաթանկ և անչափելի կապիտալը՝ մեր Սփյուռքը, և նրանք հաջողությամբ հասան այնպիսի կետի, որում Հայաստանը Սփյուռքից զրո ներդրում ունի: Սփյուռքը կրկին Հայաստանի հենասյուներից մեկը պետք է լինի։ Պայքարելու ենք»,- եզրափակել է Կարապետյանը։
Կարապետյանը հունիսի 17-ին մեկնաբանել էր Հայ Առաքելական եկեղեցու դեմ Հայաստանի իշխանությունների հայտարարությունները, որից հետո Ներքին գործերի նախարարության հատուկ նշանակության ստորաբաժանումները խուզարկություններ էին սկսել «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահի տանը՝ Երևանում։ Փաշինյանը խիստ էր արձագանքել Կարապետյանի հայտարարությանը:
ՆԳՆ-ից Armenia Today-ին մեկնաբանել էին, որ Կարապետյանի առանձնատան մոտ «մի խումբ անձինք բերման են ենթարկվել, իրականացվում են օպերատիվ գործողություններ»։ Խուզարկության մեկնարկից մոտ ութ ժամ անց՝ գիշերը ժամը երեքին, Կարապետյանը ոստիկանների ուղեկցությամբ դուրս էր եկել իր առանձնատնից և տեղափոխվել ՆԳՆ կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչություն, այնուհետև՝ Քննչական կոմիտե:
Ավելի ուշ ՔԿ-ն Armenia Today-ին հայտնել էր իշխանությունը զավթելու կոչեր անելու մեղադրանքով Կարապետյանին կալանավորելու միջնորդության մասին։ Ինքը՝ գործարարը, չի ընդունում մեղադրանքը և մտադիր է բողոքարկել այն բոլոր ատյաններում։ Կարապետյանի մամուլի ծառայությունն այս մեղադրանքներն անվանել էր ակնհայտ վախեցնելու և բռնաճշման փորձ։
Հունիսի 19-ին դատարանը երկու ամսով կալանավորել էր Կարապետյանին:
Կարդացեք նաև՝