Երևանի Նոր Նորքի թաղապետարանում այսօր ծեծկռտուք և վեճ է տեղի ունեցել: Միջադեպն արձանագրվել է Armlur.am-ի ուղիղ եթերի ժամանակ:
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը և մի քանի այլ անձ, որոնք, ենթադրաբար, թաղապետարանի աշխատակիցներն են, հայհոյել ու հարվածել են ակտիվիստ Արթուր Չախոյանին:
Վերջինս Ֆեյսբուք սոցիալական ցանցում ապրիլի 29-ին գրել էր, որ գնալու է թաղապետարան՝ հանրային քննարկմանը մասնակցելու նպատակով:
Նա ցանկացել է թաղապետի հետ քննարկել իր բնակության վայրի կողքը 18 հարկանի բնակելի շենք կառուցելու անթույլատրելիությունը։ Չախոյանին ասվել է, որ հանդիպումը հնարավոր է միայն առանց տեսախցիկների, ինչին ակտիվիստը համաձայնել է։ Այնուհետև սկսվել է ծեծկռտուքը:
Թաղապետարանում այս պահին ոստիկաններ կան: Թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանն այս միջադեպից հետո վարել է հանրային քննարկումը, ապա հեռացել ընդմիջման:
Երբ լրագրողները նրան հարցրել են միջադեպի մասին, Տեր-Մարգարյանն արդարացրել է իր քայլը՝ ասելով, որ ինքն իրեն պահել է «սովորական հայի» պես։
«Վարվեցի այնպես, ինչպես կվարվեր ցանկացած նորմալ հայ։ Ոչ միայն վարչական շրջանի ղեկավար եմ, այլև տղամարդ»,- ասել է նա:
Ապրիլի 29-ին Չախոյանը և Երևանի ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանը տեսանյութ էին հրապարակել՝ շեշտելով, որ այն բացահայտում է «այս իշխանության թալանը», և որ «մանկապարտեզի վրա ծախսված գումարը վատնել են»: Մանուկյանը պնդել էր, թե Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը զանգահարել է Չախոյանին, ոչ միայն հայհոյել, այլև՝ սպառնացել:
Չախոյանն ու Մանուկյանը երեկ փորձել էին մտնել թաղապետարան, սակայն նրանց չէին թույլատրել: