Աշխատանքային պայմանագրերի թվայնացման անցումային ժամկետները երկարաձգվել են, հայտնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Մասնավորապես, աշխատանքային պայմանագրերի կնքումը, փոփոխումը և լուծումը բացառապես թվային համակարգով իրականացնելու պահանջը տեղափոխվել է 2027 թվականի հուլիսի 1-ը (նախկինում սահմանված էր 2026 թվականի հունվարի 1-ը):
Ընդունված փոփոխությունների համաձայն՝ մինչև 2027 թվականի հուլիսի 1-ը թվային համակարգով պայմանագրերի կնքումը կրելու է կամավոր բնույթ, սակայն համակարգով կնքված պայմանագրերը, համաձայնագրերն ու ընդունված հրամաններն ունենալու են իրավական ուժ: Սահմանվել է նաև անցումային կարգավորում, որով ժամկետի երկարաձգման փոփոխությունները տարածվելու են նաև 2026 թվականի հունվարի 1-ից հետո ծագած աշխատանքային հարաբերությունների վրա:
Գործող աշխատանքային պայմանագրերը մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը թվային համակարգ մուտքագրելու ժամկետը ևս երկարաձգվել է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը:
Նախարարությունից հայտնում են նաև, որ ՀՀ-ից դուրս գտնվող անձի հետ (որի աշխատանքը կատարվելու է ՀՀ-ից դուրս) աշխատանքային հարաբերությունների ծագումը, փոփոխումը և դադարումը թվային համակարգի միջոցով չի իրականացվելու:
Հատուկ կարգավորումներ են նախատեսվել ՀՀ-ում գտնվող օտարերկրացիների, փախստականների և ապաստան հայցողների համար: Նրանց դեպքում 2027 թվականի հուլիսի 1-ից հետո աշխատանքային պայմանագրերը կնքվելու են թղթային եղանակով՝ պայմանով, որ ՀՀ-ում օրինական բնակությունը հաստատող փաստաթուղթ ստանալուց հետո եռամսյա ժամկետում կնքված պայմանագրերն օրենսդրությամբ սահմանված կարգով մուտքագրվեն թվային համակարգ:






































