Մեկնարկել է բուհերի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլը, տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարությունը:
Ըստ գերատեսչության՝ քննական առաջին օրը՝ հունվարի 25-ին, հանրապետության 36 քննական կենտրոնում «Հայոց լեզու և գրականություն» առարկայից միասնական քննություն հանձնելու համար հայտագրվել է 4359 դիմորդ․ Երևանի 9 քննական կենտրոնում՝ 1164-ը, մարզերի 27 կենտրոնում՝ 3195-ը:
«Մինչ քննասենյակ մտնելը, դիմորդները համապատասխան սարքի՝ մետաղորսիչների միջոցով ստուգվել են՝ բացառելու կապի միջոցների առկայությունը քննության ընթացքում և ապահովելու բոլորի համար հավասար և անաչառ պայմաններ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Քննության գնահատականները հայտնի կդառնան 5-րդ օրը, իսկ մինչ այդ՝ քննական օրվա երկրորդ կեսին, Գնահատման և թեստավորման կենտրոնը կհրապարակի թեստերն ու ճիշտ պատասխանները: Բողոքարկումը քննության 6-րդ օրն է լինելու:
Ըստ ԿԳՄՍՆ-ի՝ միասնական քննությունների առաջին փուլին մասնակցելու համար Գնահատման և թեստավորման կենտրոնն ստացել է 11 606 հայտ, ինչը 2000-ով ավելի է նախորդ տարվա համեմատ:
2022 թվականից ՀՀ կառավարության որոշմամբ ԳԹԿ-ն ընդունելության քննությունները կազմակերպում է երկու փուլով: Առաջին փուլը հունվար-փետրվար ամիսներին անցկացված միասնական քննություններն են, երբ դիմորդը հանձնում է միայն միասնական քննություններ իր նախընտրած առարկաներից՝ առանց բուհ և մասնագիտություն նշելու: Երկրորդ փուլում բոլոր դիմորդները, անկախ առաջին փուլի արդյունքներից, հայտագրվում են ԳԹԿ-ի dimord.am կայքում՝ ընտրելով բուհը և մասնագիտությունը։