Երևանն ու Թբիլիսին պայմանավորվել են հայկական կոնյակով բեռնատարների հատման և կոնյակի հետագա արտահանման պայմանների մասին, հայտնել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ Վրաստան կատարած այցի արդյունքներով:
Նրա խոսքով՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել Գեզի մաքսային տերմինալից այսօր բաց թողնել հայկական կոնյակով բեռնված 55 բեռնատար ավտոմեքենա, ևս 72 մեքենա բաց կթողնվի առաջիկա յոթ օրվա ընթացքում, իսկ դրան կհաջորդի լրացուցիչ 24 մեքենայի բացթողում։
Ձեռք է բերվել նաև պայմանավորվածություն՝ այսուհետ հայկական շշալցված կոնյակի (հայկական բրենդիի) արտահանման գործընթացի կազմակերպման վերաբերյալ՝ փոխադարձ ընդունելի և կանխատեսելի պայմաններով։
Նշվում է, որ հայկական կողմից կապահովի շշալցված կոնյակով բեռնված մեքենաների անխոչընդոտ տրանզիտային ելքը դեպի Վրաստան։
Նախարարը և ՀՀ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը գործուղվել էին Թբիլիսի և հանդիպել Վրաստանի առաջին փոխվարչապետ, Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլիի, Գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարար Դավիթ Սոնգուլաշվիլիի, ինչպես նաև Պետական եկամուտների ծառայության ղեկավար Իրակլի Բերաիայի հետ։
Ապրիլի կեսից Ռուսաստան և Բալթյան երկրներ արտահանման համար նախատեսված հայկական կոնյակով և այլ ալկոհոլային խմիչքներով բեռնատարները երկարատև ստուգումներ են անցնում տարանցիկ երկրում և մնում վրացական անցակետերում: Մայիսի 13-ին և մայիսի 21-ին Հայաստանից կոնյակ արտահանողները բողոքի ակցիաներ էին իրականացրել ՀՀ-ում Վրաստանի դեսպանատան շենքի առջև՝ պահանջելով լուծում տալ իրենց ապրանքի արտահանման ժամանակ առաջացած խնդիրներին։
Հունիսի 4-ին Պապոյանը հայտնել էր Վրաստանի շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարար Դավիթ Սոնգուլաշվիլիի Հայաստան այցի մասին՝ իրավիճակը քննարկելու համար: Հունիսի 7-ին վրացի նախարարի այցը չեղարկվել էր։
Հունիսի 18-ի ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Պապոյանը հայտարարել էր՝ վրացական կողմը որոշակի կասկածներ էր հայտնել, որ այդ մեքենաների կոնյակի մի մասը կոնյակ չէ, և պետք է որոշակի փորձաքննություն իրականացնել։ Պապոյանի խոսքով՝ հայկական կողմն առաջարկել է, որ եթե որևէ մեքենայի հետ կապված կա կասկած, ապա համատեղ վերցնեն նմուշ, ուղարկեն որևէ եվրոպական լաբորատորիա, այնտեղ փորձաքննություն իրականացվի։
Հունիսի 19-ին ՊԵԿ-ը հայտնել էր, որ հայ-վրացական սահմանին հայկական շշալցված կոնյակով բեռնված բեռնատարների կուտակման հետ կապված խնդիրը կարգավորվել է։