«Տաշիր Պիցցա» հանրային սննդի «Էրեբունի մոլի» մասնաճյուղի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է, տեղեկանում ենք ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հաղորդագրությունից։
«Կրկնակի վերահսկողության և լաբորատոր կրկնակի փորձաքննությամբ պարզվել է, որ «Աղցան կեսար» և «Աղցան մայրաքաղաքային» նմուշները համապատասխանում են ԵԱՏՄ կանոնակարգերով սահմանված նորմերի պահանջներին»,- մանրամասնել են ՍԱՏՄ-ից։
Տեսչական մարմնից հունիսի 20-ին Armenia Today-ին հայտնել էին, որ այդ օրվա դրությամբ ՍԱՏՄ-ն ժամանակավորապես կասեցրել է «Տաշիր Պիցցա» հանրային սննդի 12 մասնաճյուղի գործունեություն։
Հանրային սննդի ցանցը պատկանում է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանին, որը հունիսի 17-ին մեկնաբանել էր Հայ Առաքելական եկեղեցու դեմ Հայաստանի իշխանությունների հայտարարությունները, ինչից հետո Ներքին գործերի նախարարության հատուկ նշանակության ստորաբաժանումները խուզարկություններ էին սկսել «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահի տանը՝ Երևանում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խիստ էր արձագանքել Կարապետյանի հայտարարությանը:
ՆԳՆ-ից Armenia Today-ին մեկնաբանել էին, որ Կարապետյանի առանձնատան մոտ «մի խումբ անձինք բերման են ենթարկվել, իրականացվում են օպերատիվ գործողություններ»։ Խուզարկության մեկնարկից մոտ ութ ժամ անց՝ գիշերը ժամը երեքին, Կարապետյանը ոստիկանների ուղեկցությամբ դուրս էր եկել իր առանձնատնից և տեղափոխվել ՆԳՆ կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչություն, այնուհետև՝ Քննչական կոմիտե:
Ավելի ուշ ՔԿ-ն Armenia Today-ին հայտնել էր իշխանությունը զավթելու կոչեր անելու մեղադրանքով Կարապետյանին կալանավորելու միջնորդության մասին։ Ինքը՝ գործարարը, չի ընդունում մեղադրանքը և մտադիր է բողոքարկել այն բոլոր ատյաններում։ Կարապետյանի մամուլի ծառայությունն այս մեղադրանքներն անվանել էր ակնհայտ վախեցնելու և բռնաճշման փորձ։
Հունիսի 19-ին դատարանը երկու ամսով կալանավորել էր Կարապետյանին: