ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանի ծննդյան 85-ամյակի առթիվ, հայտնում է ՀՀ կառավարությունը։
«Գաղթով մեկնարկած, ստեղծագործական բարձունքների նվաճումով պսակված, ապա անկախ պետականության մտավորականի գործունեությամբ շարունակված Ձեր կյանքն ու կենսագրությունը ճակատագրի դեմ մարդու հաղթանակի ու անսասան պատասխանատվության մի զարմանալի և ուսանելի օրինակ է, որն արժանի է ի ցույց դնելու»,- ասված է վարչապետի ուղերձում:
Վարչապետի խոսքով՝ Մանսուրյանի անձնական կերպարը համեստության ու բարեկրթության մի անկրկնելի օրինակ է, որ պատկառանք է հարուցում:
«Ինչո՞ւ են Հայաստանում Ձեզ այսքան շատ սիրում, որովհետև Ձեր երաժշտության մեջ մարդիկ տեսնում և ճանաչում են իրենք իրենց, իրենց հույզերն ու զգացմունքները, ցավերն ու բերկրանքը, հիասթափություններն ու երազանքները: Ձեր ստեղծած երաժշտությունը հայաստանցիներն իրենցն են համարում, իրենցն են համարում նաև Ձեզ, և սա ստեղծագործողի, մտավորականի, քաղաքացու այն գերադրական գնահատականն է, որ հնարավոր է ունենալ»,- ասված է ուղերձում:
Փաշինյանը նշել է, որ իր համար անմոռանալի են Մանսուրյանի պատմություններն Արթիկում ապրած իր մանկական տարիների մասին: Վարչապետը տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսում են հիմնանորոգել Արթիկի՝ Մանսուրյանի անունը կրող մշակույթի կենտրոնը, համապարփակ ծրագիր ներդնել այնտեղ, որ դրանում վարպետի անվանն արժանի կրթամշակութային միջավայր ձևավորվի և զարգանա:
«Ուրախ եմ, որ այսօր էլ ողջ եռանդով շարունակում եք ստեղծագործել: Վերստին շնորհավորելով, մաղթում եմ Ձեզ առողջություն և ստեղծագործական անվերջանալի բերկրանք»,- ուղերձը եզրափակել է Փաշինյանը: