Հայաստանի միջոցով տարհանվել է Իրանում ուսանող Հնդկաստանի 110 քաղաքացի, Armenia Today-ին հայտնել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:
«Հայաստանի և Հնդկաստանի ԱԳ նախարարները քննարկել են Իրանից Հայաստանի տարածքով Հնդկաստանի քաղաքացիների տարհանման հնարավորությունը: ՀՀ կողմից ցուցաբերվել է համապատասխան աջակցություն: Այս պահի դրությամբ տարհանվել է Հնդկաստանի 110 քաղաքացի: Խոսքն ուսանողական խմբի մասին է», – մանրամասնել է ԱԳՆ խոսնակը:
Հնդկական լրատվամիջոցները հունիսի 16-ին գրել էին, որ Իսրայելի և Իրանի միջև հակամարտությամբ պայմանավորված՝ Հնդկաստանն իր քաղաքացիներին Իրանից տարհանելու գործողություններ է ձեռնարկում՝ որպես տարհանման հնարավոր ուղի դիտարկելով նաև Հայաստանի տարածքը։
The New Indian Express թերթի տեղեկություններով՝ Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այս թեմայով զրույց էր ունեցել Հնդկաստանի գործընկերոջ՝ Սուբրամանյամ Ջայշանկարի հետ։ Նախարարները քննարկել էին երկու երկրների գործողությունների համակարգումը դիվանագիտական և լոգիստիկ մակարդակներում, ինչն անհրաժեշտության դեպքում թույլ կտա ապահովել Հնդկաստանի քաղաքացիների անվտանգ տեղափոխման ուղին։