Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուիի քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը, հայտնել են ՀՀ կառավարությունից։
Նրանք Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի հնարավորինս շուտ ստորագրման հույս են հայտնել: Վարչապետն անդրադարձել է խաղաղության համաձայնագիրն ստորագրելու գործընթացում Հայաստանի դիրքորոշումներին՝ շեշտելով, որ խաղաղության օրակարգը ՀՀ կառավարության առաջնահերթությունն է:
Ֆերիդուն Սինիրլիօղլուն նշել է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանը ԵԱՀԿ-ի համար ունի ռազմավարական նշանակություն, և կառույցը շարունակելու է նպաստել խաղաղության օրակարգի առաջմղմանը: ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը ողջունել է այդ ուղղությամբ ներդրվող ջանքերը՝ տարածաշրջանային խաղաղության և կայունության ապահովման նպատակով:
ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը հավելել է, որ տարածաշրջանում խաղաղության հասնելու մեծ հնարավորություններ կան և պետք է դրանք իրացնել:
Ավելի վաղ տարածաշրջանային այցի շրջանակներում Երևանում գտնվող Սինիրլիօղլուն հանդիպել էր նաև Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։ Նրանք քննարկել էին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը։ Միրզոյանն ընդգծել էր Բաքվի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման կարևորությունը։
Միրզոյանն անդրադարձել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի առնչությամբ ՀՀ մոտեցմանը, ինչպես նաև ներկայացրել խաղաղության գործընթացի մյուս բաղադրիչների առնչությամբ Հայաստանի ներկայացրած կառուցողական առաջարկները։
Տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման համատեքստում ընդգծվել էր Հարավային Կովկասի՝ որպես յուրահատուկ խաչմերուկի՝ մեծ ներուժն ու տարանցիկ հնարավորություններից օգտվելու ժամանակի հրամայականը։