Երևանը շահագրգիռ է Մոսկվայի հետ համագործակցությունը բարձր մակարդակի վրա պահել, Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության հնարավոր ծրագրերի մասին Armenia Today-ի հարցին ի պատասխան՝ նշել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
«Հարցեր ունենք, որոնք օբյեկտիվ են և, կարծում եմ, այդ օբյեկտիվ հարցերը պիտի քննարկումների, առողջ քննարկումների արդյունքում իրենց պատասխաններն ստանան։ Այդ պատասխաններից է կախված մեր հետագա համագործակցության խորությունը և մակարդակը»,- պարզաբանել է Պապիկյանը։
Նախարարը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Երևանը չի չեղարկել Մոսկվայի հետ երկկողմ համագործակցության վերաբերյալ որևէ փաստաթուղթ և նույնիսկ պաշտոնապես դուրս չի եկել ՀԱՊԿ-ից։ Միևնույն ժամանակ, նախարարը նշել է, որ Ռուսաստանի հետ համագործակցությունը պետք է լինի «հավասարակշռված, բալանսավորված, երկկողմ հարգանքի վրա հիմնված»։
Պապիկյանը նաև ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի հարաբերությունների սառեցումն անվանել է «լեգիտիմ»։
«Կարծում եմ՝ ամեն օր դա ապացուցվում է, որ քանի դեռ ՀԱՊԿ-ում մեր գործընկերները չեն փոխել իրենց վերաբերմունքը և դիրքորոշումը, մեր վերաբերմունքն ու դիրքորոշումը լեգիտիմ են և բխում է ՀՀ-ի շահերից»,- ընդգծել է Պապիկյանը։
Նախարարը վստահություն է հայտնել, որ Հայաստանը պետք է ինքնուրույն լուծի իր խնդիրները՝ «միևնույն ժամանակ՝ այդ խնդիրների լուծումները շերտավորելով և բալանսավորելով»։
«Պետք է ունենանք արտաքին քաղաքական աջակցություն, միջազգային լեգիտիմություն, պաշտպանունակ բանակ և, իհարկե, ժողովրդավար երկիր, որը կենսունակ է լուծել իր խնդիրները»,- հավելել է նախարարը։
Պապիկյանը հայտարարել է, որ 2025 թվականին Ռուսաստանի հետ համատեղ զորավարժություններ պլանավորված չեն։ Միաժամանակ՝ նա հայտնել է, որ Հայաստանը «տարբեր միջազգային գործընկերների հետ» համատեղ զորավարժություններ անցկացնելու շուրջ քննարկումներ է անցկացնում։ Իսկ թե կոնկրետ ում հետ՝ նախարարը չի բացահայտել։
«Երբ կմոտենա ժամանակը, դուք դրա մասշտաբի, չափի, ձևի, բովանդակության մասին կիրազեկվեք»,- լրագրողներին խոստացել է Հայաստանի ռազմական գերատեսչության ղեկավարը։
Հունվարի 14-ին ՀՀ-ն և ԱՄՆ-ն ստորագրել էին Ռազմավարական գործընկերության կանոնադրությունը։ Նույն օրը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն կարող է Հայաստանից պահանջել պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ՝ ռազմավարական գործընկերության շրջանակներում։ Հունվարի 15-ին ԱՄՆ Պետդեպարտամենտը մեկնաբանել էր Հայաստանի հետ ստորագրված Ռազմավարական գործընկերության կանոնադրությունը։ ՀՀ ԱԳՆ-ն տվյալներ էր ներկայացրել, թե ի՞նչ է պարունակում փաստաթուղթը։