Գլխավոր դատախազությունը պահանջել է Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանից և նրա հետ փոխկապակցված անձանցից բռնագանձել ավելի քան 2 մլրդ դրամի գույք և դրամական միջոցներ, որոնք, ինչպես ենթադրվում է, ապօրինի ծագում ունեն:
Գույքի և միջոցների վրա արդեն արգելանք է դրվել։ Սեպտեմբերի 8-ին ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը դատարան էր ուղարկել Մարգարյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը:
Հանրային քրեական հետապնդումն սկսվել էր, երբ 2009թ. հուլիսի 6-ից մինչև 2011թ. նոյեմբերի 15-ն զբաղեցնելով Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնը, ապա 2011թ. նոյեմբերի 15-ից մինչև 2018թ. հուլիսի 9-ը Երևանի քաղաքապետի պաշտոնը, «շահադիտական և անձնական շահերից ելնելով չարաշահել էր իր պաշտոնեական լիազորությունները»:
Բացի այդ, ըստ դատախազության, Մարգարյանն այլ անձանց օժանդակությամբ, օգտագործելով իր իշխանական և ծառայողական լիազորություններն ու ազդեցությունը, «օրինականացրել էր հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքը և վարչական պատասխանատվության միջոցներ չէր կիրառել այն անձանց նկատմամբ, ովքեր ինքնակամ զավթել էին պետական սեփականություն հանդիսացող հողամասերը»:
Քրեական գործը գտնվում է նախնական դատական լսումների փուլում, նշում է գերատեսչությունը։
Խորհրդարանը մարտի 27-ին նախկին քաղաքապետին զրկել էր պատգամավորական անձեռնմխելիությունից։ ԱԺ-ն համաձայնություն էր տվել «Պատիվ ունեմ»-ի պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն: Մարգարյանին մեղադրել են մայրաքաղաքի դպրոցներին պատկանող հողատարածքների վերանայման գործընթացը կազմակերպելու մեջ՝ դրանք իր և իր մերձավորների համար ձեռք բերելու նպատակով:






































