Հայաստանը Ռուսաստանի հետ ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկություն կփոխանակի 2023-ին վավերացրած համաձայնագրի շրջանակում, այս մասին է վկայում ՀՀ կենտրոնական բանկի պարզաբանումը՝ ի պատասխան Armenia Today-ի հարցման։
Օգոստոսին ՌԲԿ-ն գրել էր, որ Հայաստանի բանկերը և բրոքերներն սկսել են ռուս հաճախորդներից հարկային ռեզիդենտության մասին տվյալներ պահանջել։ ԶԼՄ-ն գրել էր, որ տեղեկություններ չտրամադրելու դեպքում հայկական բանկերում հաշիվների սպասարկումը կդադարեցվի:
ՀՀ կենտրոնական բանկից Armenia Today-ին մանրամասնել են, որ 2023-ին Հայաստանի Ազգային ժողովի կողմից վավերացվել է 2014-ին ստորագրված «Ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների ավտոմատ փոխանակման մասին» իրավասու մարմինների բազմակողմ համաձայնագիրը։
ԿԲ-ից հավելել են, որ այս փաստաթուղթը հիմնված է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) և «Մեծ քսանյակ»-ի մշակած միասնական հաշվետվողական ստանդարտի (CRS) վրա, որը գործում է ավելի քան 120 երկրում։
Ըստ ԿԲ պարզաբանման՝ փաստաթուղթը նախատեսում է, որ Հայաստանի և համաձայնագրին միացած այլ երկրների՝ այդ թվում Ռուսաստանի հարկային մարմինները, տարեկան մեկ անգամ ավտոմատ կերպով կփոխանակեն տվյալներ ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց ֆինանսական հաշիվների վերաբերյալ։
Միևնույն ժամանակ՝ նոյեմբերի 12-ին ՀՀ ԿԲ փոխնախագահ Հովհաննես Խաչատրյանը ՌԲԿ-ին հայտնել էր, որ Ռուսաստանի և Հայաստանի հարկային մարմինները բանկային հաշիվների վերաբերյալ տեղեկատվություն են փոխանակում միայն հարցման առկայության դեպքում։ Նրա բացատրել էր, որ տվյալների ավտոմատ փոխանակման մեխանիզմը գործում է, երբ առկա է պաշտոնական հետաքննություն կամ հարկային քննություն, որոնք հաշվի առնելով՝ բանկերին ուղարկվում է հարցում։
«Այսինքն՝ հարցման դեպքում տեղեկություն է տրամադրվում, բայց սա չի նշանակում, որ հայկական և ռուսական մարմինները տվյալների բազաներ են կապել իրար»,- ընդգծել է Խաչատրյանը։
Նա հավելել է, որ 2025 թվականին Հայաստանն սկսել է տվյալների փոխանակումը գործընկեր երկրների հետ։
ՌԲԿ-ն նշել է, որ տեղեկատվության ավտոմատ փոխանակումն սկսելիս Ռուսաստանի բնակիչները պետք է ամբողջությամբ բացահայտեն օտարերկրյա հաշիվների և եկամուտների մասին տեղեկատվությունը Ռուսաստանի հարկային մարմիններին, ժամանակին տեղեկացնեն դաշնային հարկային ծառայությանը և հայտարարագրեն արտերկրում ստացված բոլոր եկամուտները:
Աննա Բադալյան





































