Սահմանադրական խորհուրդը մշակում է Սահմանադրության նոր տեքստը, Հանրային հեռուստատեսության եթերում հայտնել է Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։ Ըստ նրա՝ նոր տեքստի համաձայն մի շարք ոլորտներում ուժեղացվելու են ԱԺ լիազորությունները, նաև փոխվելու է ընտրությունների կարգը։
«Որոշում ենք կայացրել առաջին ընտրությունների պարագայում հրաժարվել կայուն մեծամասնությամբ խորհրդարան ձևավորելու սկզբունքից և դա թողնել երկրորդ ընտրություններին, եթե առաջին ընտրությունների արդյունքներով չհաջողվի մեծամասնությամբ և կոալիցիայի միջոցով ձևավորել իշխանություն։ Երկրորդ ընտրություններում բոլորը հավասարության պայմաններում մտնելու են նոր ընտրափուլ»,- ասել է նա։
Գալյանը նաև հայտնել է, որ նոր փոփոխություններով առաջարկելու են ԱԺ-ին ավելի լայն հնարավորություններ տալ կառավարություն ձևավորելու, զինված ուժերի կիրառման դեպքերի հետ կապված, նաև կարգավորվելու է ԱԺ-ի ինքնալուծարման կարգը։
Նա նաև նշել է, որ Սահմանադրության նախաբանի հարցը, որի մասին բազմիցս խոսել է ադրբեջանական կողմը, դեռևս չի քննարկվել։ Նախարարի խոսքով՝ տեքստային դրույթները ներկայացնում են խորհրդին, որի արդյունքում քվեարկություն է կազմակերպվում, և խորհրդի անդամները որոշում են այս կամ այն դրույթի առկայությունը նոր մայր օրենքում։
Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը ձևավորվել է 2020-ի փետրվարին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ։ Նրա կարծիքով՝ ՀՀ-ին անհրաժեշտ է նոր Սահմանադրություն, որը պետք է ունենա հստակ նպատակ և պետք է արտահայտի այն իրողությունը, որն այսօր կա ՀՀ-ում։ Մյուս կողմից՝ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման համար Սահմանադրությունը փոխելու նախապայման է առաջ քաշում Բաքուն՝ պահանջելով հեռացնել Անկախության հռչակագրին հղում անելու դրույթը։





































