Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը մեկնաբանել է կառավարության կողմից Արարատ լեռան պատկերը սահմանային անցակետերի կնիքներից հեռացնելու որոշումը։
Նրա խոսքով՝ կնիքները համապատասխանեցվել են սահմանահատումներին ներկայացվող ժամանակակից պահանջներին, ինչպես նաև «Իրական Հայաստանի» գաղափարախոսությանը։
«Նոր կնիքների վրա, բացի սահմանահատման վերաբերյալ տեղեկատվությունից, այլ տեղեկություններ կամ նկարներ չեն լինելու, այդ թվում՝ Արարատ լեռը, ինչպես աշխարհի գրեթե շատ երկրների սահմանահատման կնիքների վրա»,- նշել է նա՝ ընդգծելով, որ որոշ ընդդիմադիր շրջանակներ «տեղեկատվական նոր գրոհ են սկսել»։
Թորոսյանը նաև նշել է, որ կնիքի չափն ավելի է փոքրացվել, որ անձնագրերն ավելի երկար ծառայեն ճամփորդողներին։
ՀՀ կառավարության որոշմամբ՝ 2025 թվականի նոյեմբերի 1-ից ՀՀ մուտքի կամ ելքի սահմանահատման կնիքի վրա այլևս չի լինելու Արարատ լեռան պատկերը։




































