Բաքվի բանտերում պահվող հայ գերիների շրջանում ինքնասպանության փորձերի դեպքեր են գրանցվել, «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է Եվրոպական դատարանում գերիների շահերի պաշտպան Սիրանուշ Սահակյանը:
Նրա խոսքով՝ նման տեղեկատվություն ստացվել է հարազատներից, որոնց հետ բանտարկյալները վերջերս կարողացել են կապվել հեռախոսով։ Սահակյանը պարզաբանել է, որ ինքնասպանության փորձերը կատարել են ոչ թե Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները, այլ ուրիշ գերիներ։ Նրանց անունները չեն հրապարակվում։
Իրավապաշտպանը միջադեպերը կապել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) այցելությունների դադարեցման հետ, որոնցից վերջինը տեղի էր ունեցել հունիսին։ Ադրբեջանի իշխանությունների «խնդրանքով»՝ կազմակերպությունը սեպտեմբերի 3-ին ամբողջությամբ դադարեցրել էր իր գործունեությունը Բաքվում։
Սահակյանն ընդգծել է, որ հայ գերիները մոտ երկու ամիս է՝ գտնվում են լիակատար մեկուսացման մեջ, և միջազգային որևէ անկախ կազմակերպության թույլ չի տրվել նրանց տեսնել։ Իրավապաշտպանը պարզաբանել է, որ նրանց պահման պայմանների, ֆիզիկական և հոգեբանական վիճակի մասին որևէ տեղեկություն չկա։
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտնել էր, որ Անահիտ Մանասյանը քննարկել է հայ գերիների իրավունքները Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Դաֆնե Մարեի հետ։
Կողմերը քննարկել են նաև անհետ կորած անձանց և նրանց ընտանիքների հետ կապված հարցեր, ինչպես նաև միջազգային մարդասիրական իրավունքի ոլորտում համատեղ նախաձեռնություններ։
Հուլիսի 30-ին ԿԽՄԿ-ի Հայաստանի պատվիրակության հաղորդակցության և կանխարգելման ծրագրի ղեկավար Զառա Ամատունին Armenia Today-ին հայտնել էր, որ ԿԽՄԿ-ն չի կարողանում այցելել Ադրբեջանում պահվող հայ գերիներին։
2025 թվականի սեպտեմբերի 3-ին Ադրբեջանում գործունեությունը կդադարեցնի նաև ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) գրասենյակը։ Վերջին ամիսներին մի շարք միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը, Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունը, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը, Transparency International-ը և այլն, ավարտել էին իրենց գործունեությունն Ադրբեջանում։
Տեղական իշխանությունները սա բացատրում են «հումանիտար կարիքների կրճատմամբ և ավելի մեծ ինքնուրույնության ձգտմամբ»՝ պնդելով, որ այդ կազմակերպությունների ռեսուրսները կարող են օգտագործվել ավելի կարիքավոր տարածաշրջաններում։






































