Նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է նույն հոդվածով, որով մեղադրվում են «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, հայտնել է փաստաբան Արամ Վարդևանյանը։
Նա մանրամասնել է, որ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածը միջին ծանրության է, և նման դեպքերում անձանց պարզապես չեն կալանավորում կանխատեսական ռիսկեր գրելով, քանի որ այդ արարքի համար պատիժ կարող է լինել պարզապես տուգանքը:
«Ընդհանրապես ժողովրդավարության սկզբունքի պայմաններում մարդկանց արտահայտած կարծիքի, քննադատության համար չեն կալանավորում, քրեական վարույթներ չեն նախաձեռնում, չեմ բացառում, որ նույնիսկ Սոմալիում այլևս դրա համար չեն կալանավորում»,- շեշտել է փաստաբանը:
Վարդևանյանը հավելել է, որ բնական է Հակոբյանի կալանքը վերացնելը՝ իրավունքի հետ նվազագույն առնչության դեպքում, ինչն ապահովել է դատարանը:
Այսօր ավելի վաղ իշխանության յուրացման հրապարակային կոչ անելու մեջ մեղադրվող Հակոբյանը դատարանի դահլիճից ազատ էր արձակվել։ Կալանավորման խափանման միջոցը չեղյալ էր հայտարարվել։ Միևնույն ժամանակ, դատարանը մերժել էր Հակոբյանի գործով քրեական հետապնդումը դադարեցնելու և վարույթը կարճելու միջնորդությունը։ Նա հուլիսի 19-ին կալանավորվել էր երկու ամսով։






































