Օգոստոս ամսվա ընթացքում ՌԴ է մտել Հայաստանի մրգերով և բանջարեղենով բարձված 762 բեռնատար մեքենա, Վրաստանից վերադարձվել են 4-ը, տեղեկացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Օգոստոսի 23-ին ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայտարարել էր, որ Վերին Լարսի անցակետից գյուղմթերքով` սալորով, դեղձով, խաղողով բեռնված հարյուրավոր մեքենաներ հետ են վերադառնում։ Նա հրապարակել էր տեսանյութ, որին կից նշել էր, որ բեռնափոխադրողներին չի տրվում հստակ պատճառաբանություն, խոսվում է բուսասանիտարիայի հետ կապված ինչ-որ խնդիրների մասին:
«Գառնի՛կ ջան, սուտ խոսելը լավ բան չէ»,- պատգամավորին պատասխանել է Էկոնոմիկայի նախարարը։
Հուլիսի սկզբից խնդիրներ էին առաջացել նաև Հայաստանից ՌԴ արտահանվող ծաղկի հետ կապված։ «Ռոսսելխոզնադզոր»-ը հունիսի 3-ին հայտնել էր, որ Հայաստանից մատակարարվող ծաղիկների մեջ ավելի հաճախ են հայտնաբերում «ԵԱՏՄ երկրների համար վտանգավոր» արտադրանք, որը ենթակա է կարանտինային վերահսկման։ ՌԴ-ի կիրառած սահմանափակումները դժգոհություն էին առաջացրել ծաղիկների արտահանմամբ զբաղվող տնտեսվարողների մոտ, որոնք հուլիսի 9-ին և հուլիսի 14-ին բողոքի ակցիաներ էին անցկացրել՝ պահանջելով խնդրին լուծում տալ։
Ծաղկեգործներից մեկը նաև հայտարարել էր, որ հայկականի անվան տակ թուրքական ու պարսական ծագման ծաղիկներ են արտահանվել ՌԴ։ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հերքել էր տարածվող լուրերը, թե ծաղիկ արտահանող տնտեսվարողներն այլ երկրներից ծաղիկներ են ներմուծում Հայաստան ու դրանք վերաարտահանում Ռուսաստան։




































