ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հայտարարել է՝ Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերով Հայաստանի համար բացվում են այն ճանապարհները, որոնք անցնելու են Ադրբեջանով, քանի որ ապաշրջափակումը երկկողմանի գործընթաց է։
Օգոստոսի 8-ին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները ԱՄՆ-ի միջնորդությամբ հռչակագիր էին ստորագրել, որով նաև նախատեսվում է ստեղծել TRIPP տրանսպորտային երթուղին: Այն Ադրբեջանին հնարավորություն է տալիս կապվել Նախիջևանի հետ:
Armenia Today-ի նկարահանող խումբը հայաստանցիներից հետաքրքրվել է, թե ի՞նչ կարծիք ունեն Թրամփի տրանսպորտային երթուղու ծրագրի մասին, դա իրատեսական համարո՞ւմ են, ինչպես նաև, թե արդյոք պատրա՞ստ են երթևեկել կամ բեռներ տեղափոխել Ադրբեջանի տարածքով:
Հարցման մասնակիցների մեծ մասը այս պահի դրությամբ վստահ չէր, որ անվտանգ կլինի հնարավորության դեպքում երթևեկել կամ բեռներ տեղափոխել հարևան երկրով:
«Վտանգները կան, եթե ադրբեջանցիներ են, բնական է, բայց դե եթե պետք է, կերթևեկենք», - ասել է քաղաքացիներից մեկը:
Մեկ այլ մասնակից էլ վստահ էր, որ ճանապարհները պետք է աշխատեն:
«Դե ամբողջ աշխարհը եթե ճանապարհներ չլինեն, լրիվ մեկուսացած լինենք, ո՞նց կզարգանանք, ո՞նց կապրենք, Ադրբեջան լինի, Իրան լինի, ժամանակ ո՞նց էին երթևեկում առաջ», - ասել է քաղաքացիներից մեկը:
Հարցման մի շարք մասնակիցներ էլ քննադատաբար էին մոտենում այս երթուղու ստեղծմանը:
«Եթե պետք է թշնամու հետ այդ ճանապարհը բացվի, զուտ թշնամիները գան ու գնան, ելումուտ լինեն, ուրեմն պետք է բացասական վարաբերվել», - ասել է մեկ այլ քաղաքացի:
Մանրամասները՝ Armenia Today-ի տեսանյութում:

































