Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը կտրականապես դեմ է տարածաշրջանի աշխարհաքաղաքական սահմանների ցանկացած փոփոխության: Նա այս մասին ասել է IRNA պետական լրատվական գործակալությանը տված հարցազրույցում՝ ընդգծելով, որ այս հարցը կլինի նախագահ Մասուդ Փեզեքշիանի՝ Հայաստան այցի հիմնական թեմաներից մեկը:
«Մենք կրկին կբարձրաձայնենք մեր մտահոգությունները, որոնց մասին մեր հայ ընկերները լավ գիտեն, և կփորձենք մշակել դրանց լուծման հուսալի մեխանիզմ»,- ասել է Արաղչին:
Իրանի ԱԳ նախարարի խոսքով՝ հատուկ ուշադրություն կդարձվի «Թրամփի խաղաղության ճանապարհ» անվամբ նոր տրանսպորտային երթուղու նախագծին: Այն պետք է Հայաստանի միջոցով Ադրբեջանը կապի Նախիջևանի հետ:
«Մենք հույս ունենք, որ այս հարցի շուրջ նույնպես հուսալի պայմանավորվածություններ կկնքվեն»,- հավելել է նախարարը: Արաղչին նաև ընդգծել է Իրանի և Հայաստանի միջև ավանդական համագործակցության կարևորությունը:
«Մեր հարաբերությունները շատ երկարատև և սերտ են. իրանական ընկերությունները ներգրավված են այս երկրում խոշոր նախագծերում, և Հայաստանում ավելի քան երեք հազար ուսանողներ ուսումնասիրում են պարսկերենը»,- ասել է նախարարը:
Անդրադառնալով տարածաշրջանային իրավիճակին՝ նախարարը նշել է.
«Թեհրանի գլխավոր մտահոգությունը ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխությունն է։ Մենք չենք ընդունում միջազգայնորեն ճանաչված սահմանների վերանայումը, դրանց տեղաշարժը կամ տարածաշրջանի պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության թուլացումը»։
Արաղչին հիշեցրել է Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը, որում վերահաստատվել է սահմանների անփոփոխությունը և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը։ Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ Իրանը ուշադիր կհետևի հետագա զարգացումներին։
ՀՀ վարչապետը, օգոստոսի 9-ին պատասխանելով Armenia Today-ի թղթակցի հարցին՝ ԱՄՆ տարածաշրջանով անցնող ճանապարհը վարձակալության տալու դեպքում Սյունիքը Իրանի վրա հարձակումների հարթակ դառնալու ռիսկերի մասին, ասել էր, որ բացառում է նման ռիսկերը և ընդգծել, որ օգոստոսի 8-ին Դոնալդ Թրամփի և Իլհամ Ալիևի հետ ստորագրված խաղաղության ցանկության և Սյունիքով անցնող ճանապարհի մասին հռչակագրում ռազմական բաղադրիչ չկա։
Օգոստոսի 10-ին Իրանի իշխանությունները հայտնել էին, որ Սյունիքով անցնող միջանցքի նախագիծը, որը համաձայնեցվել է Հայաստանի և Ադրբեջանի կողմից, հաշվի է առնում Թեհրանի հիմնական պահանջները՝ տարածքային ամբողջականության պահպանում, Եվրոպայի հետ կապ և հյուսիսային ուղղությամբ երթուղու չարգելափակում:
Միևնույն ժամանակ, Իրանի արտաքին գործերի նախարարությունը զգուշացրել էր, որ տարածաշրջանում ցանկացած օտարերկրյա ներկայություն կարող է բացասաբար ազդել խաղաղության և կայունության վրա, բայց ընդհանուր առմամբ ողջունել էր համաձայնագրի ստորագրումը:
Մինչ այդ, Գերագույն առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին հայտարարել էր, որ Իրանը կխոչընդոտի ամերիկյան «Զանգեզուրի միջանցքի» ստեղծմանը, ինչը, ըստ նրա, կհանգեցնի Հայաստանի «քայքայմանը»:




































