Գործադիր իշխանության ղեկավարը պաշտոնապես հայտարարում է Հայ Առաքելական եկեղեցու և վեհափառ հայրապետի նկատմամբ ոտնձգության ցանկության մասին, նույնիսկ արդեն «պատրաստվելու» կոչ է անում, հայտարարել է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհրդի անդամ, փաստաբան Արամ Վարդևանյանը։
Նա մեջբերել է Սահմանադրության կետը, որով երաշխավորում է Հայ Առաքելական եկեղեցու բացառիկ կարգավիճակը:
«Նշվածը երաշխավորում է նաև պետական մարմինների հստակ պարտականություն՝ չմիջամտել մեր Մայր Աթոռին, այդ թվում՝ վեհափառի գործունեությանը», – գրել է Վարդևանյանը՝ հավելելով, որ իշխանությունների գործողություններն «ակնհայտ ապօրինի են, հակասահմանադրական և պարզապես ամոթալի»:
Այսօր ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում Ամենայն Հայոց կաթողիկոսից Վեհարանն ազատելու վերաբերյալ գրառում էր արել՝ կոչ անելով «Էջմիածնի կենտրոնական հրապարակում պատրաստվել մեծ հոգևոր հանդիպման»։
Մայիսի 29-ից սկսած՝ Փաշինյանը սոցիալական ցանցերում հայհոյանքներով լի մի շարք գրառումներ էր արել Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչների հասցեին, իսկ ավելի ուշ հանդես եկել նոր կաթողիկոս ընտրելու կոչով՝ կասկածի տակ դնելով նրա՝ կուսակրոնության ուխտի պահպանումը։ Փաշինյանը հուլիսի 8-ին հայտարարել էր, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը «զավթված է հակաքրիստոս, շնաբարո, ապազգային, ապապետական խմբակի կողմից»՝ հավելելով, որ պատրաստվում է Վեհարանի «ազատագրումն առաջնորդել անձամբ»։
Իրավապահ մարմինները հունիսի 25-ի և 27-ի խուզարկություններից հետո երկու ամսով կալանավորել էին Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, ինչպես նաև շարժման 14 աջակցի։ Գալստանյանը և «Սրբազան պայքարի» աջակիցները մեղադրվում են պետական հեղաշրջման և ահաբեկչության նախապատրաստության փորձ կազմակերպելու մեջ։ Նրանցից ոչ ոք չի ընդունում մեղադրանքը:
Կարդացեք նաև՝