Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը հաստատել է Հայաստանի արտարժույթով երկարաժամկետ թողարկողի դեֆոլտի վարկանիշը (Issuer Default Rating-IDR) BB- մակարդակում՝ «կայուն» կանխատեսմամբ։
Նշվում է, որ Հայաստանի BB- վարկանիշն արտացոլում է ամուր մակրոտնտեսական քաղաքականության շրջանակը և ուժեղ աճը, որը նպաստում է մեկ շնչի հաշվով եկամտի աճին։
2025թ․ առաջին եռամսյակում ՀՆԱ-ի աճը կազմել է 5,2%, իսկ միջին աճի կանխատեսումը մինչև 2027 թվականը պահպանվում է 4,7%-ի սահմանում։
2024-ին նախատեսվածից փոքր պակասուրդից հետո Հայաստանը թուլացրել է բյուջետային քաղաքականությունը՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների պաշտպանության և վերականգնման ծախսերը։ Fitch-ը կանխատեսում է, որ որ 2025-ին բյուջեի պակասուրդը կաճի մինչև ՀՆԱ-ի 5,4%-ը, իսկ 2026-27 թվականներին կկազմի միջինը 4,4%։ Ըստ կառավարության ծրագրի՝ մինչև 2030 թվականը պակասուրդը կկրճատվի մինչև 1%, սակայն Fitch-ը դա համարում է լավատեսական՝ հաշվի առնելով եկամուտների նպատակների շուրջ առկա ռիսկերը։
Fitch-ը ենթադրում է, որ իշխանությունները կհետևեն ավելի խիստ հարկաբյուջետային կանոնների, որոնք կիրառվում են, երբ ընդհանուր կառավարության համախառն պարտքը (ՀՊՊ)/ՀՆԱ-ն գերազանցում է 50%-ը՝ ներառյալ հիմնական ընթացիկ ծախսերի աճի սահմանափակումը։
Fitch-ը կանխատեսում է, որ համախառն պետական պարտքի հարաբերակցությունը ՀՆԱ-ին 2024-ի 48%-ից 2025-ին կհասնի 51,3%-ի։ Մինչև 2027 թվականն այն կարող է հասնել 54,2%-ի՝ համընկնելով BB վարկանիշ ունեցող երկրների միջին մակարդակին։
Երկարաժամկետ պարտքի դինամիկան ենթարկվում է արժութային ռիսկին՝ հաշվի առնելով, որ 2025 թվականի մայիսի դրությամբ՝ ՀՆԱ-ի մոտ 50%-ն արտարժույթով էր։ Այնուամենայնիվ, վերաֆինանսավորման ռիսկերը մեղմացվում են բազմակողմ վարկատուներին պարտքի բարձր համամասնությամբ։
Հրապարակման մեջ նշվում է, որ 2025 թվականի առաջին կիսամյակում տարեկան միջին գնաճը կազմել է 3,3%՝ Կենտրոնական բանկի գնաճի 3% նպատակային ցուցանիշի սահմաններում (+/-1 տոկոսային կետի տատանման միջակայքով), որը վերանայվել է իջեցման ուղղությամբ՝ 4% արդյունավետ ցուցանիշից։
Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը 2024 թվականին թվարկել էր Հայաստանի տնտեսության համար աշխարհաքաղաքական ռիսկերը և կանխատեսել տնտեսական աճ՝ 2024-25 թվականների համար։ Նշվում է, որ Հայաստանում երկրորդ տարին անընդմեջ նկատվում է մեծ տնտեսական աճ, իսկ իրական ՀՆԱ-ն աճում է շուրջ 7,4%-ով։