Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեին շնորհավորել է իրանցի ժողովրդին «Իսրայելի նկատմամբ տարած հաղթանակի կապակցությամբ», հայտնել է IRNA-ն։
«Շնորհավորում եմ սիոնիստական կեղծ ռեժիմի դեմ տարած հաղթանակի կապակցությամբ»,- նշել է նա։
Ըստ նրա՝ չնայած բոլոր հայտարարություններին, սիոնիստական ռեժիմը գրեթե ոչնչացվել և ջախջախվել է Իսլամական Հանրապետության հարվածների տակ։
«Իմ երկրորդ շնորհավորանքը նվիրված է մեր սիրելի Իրանի հաղթանակին ամերիկյան ռեժիմի նկատմամբ։ Ամերիկյան ռեժիմը անմիջականորեն միջամտեց պատերազմին, քանի որ զգաց, որ եթե դա չանի, սիոնիստական ռեժիմը լիովին կոչնչացվի»,- շեշտել է Իրանի գերագույն առաջնորդը:
ԱՄՆ-ն որևէ արդյունքի չի հասել Իրանի հետ պատերազմում, հավելել է նա և ընդգծել, որ ԱՄՆ իշխանությունները պատերազմը սկսեցին՝ հասկանալով, որ Իսրայելը դատապարտված է լիակատար ոչնչացման, եթե Թեհրանի հետ հակամարտությունը շարունակվի։
Իսրայելը հունիսի 12-ի լույս 13-ի գիշերը հարվածել էր Իրանին։ Նույն օրն Իրանը բալիստիկ հրթիռների կիրառմամբ պատասխան հարվածներ էր հասցրել Իսրայելին։ ԱՄՆ-ն հունիսի 22-ի գիշերը հարվածներ էր հասցրել Իրանի երեք միջուկային օբյեկտի։ Հունիսի 23-ի ուշ երեկոյան Իրանը հրթիռներ էր արձակել Կատարում տեղակայված ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբ։
Հունիսի 24-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանը կհամաձայնի դադարեցնել հակամարտությունը, և պատրաստ է Իսրայելին խաղաղության կոչով դիմել: ԱՄՆ նախագահն ընդգծել էր, որ եկել է խաղաղության ժամանակը։ Նույն օրը Թրամփը հայտնել էր, որ Իրանի և Իսրայելի միջև հրադադարն ուժի մեջ է մտել։ Հունիսի 24-ի դրությամբ՝ Իրանում հունիսի 13-ից ի վեր Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 606 մարդ։