Գործարար Սամվել Կարապետյանի նկատմամբ հետապնդումը՝ Հայ Առաքելական Եկեղեցու կաթողիկոսի և հոգևորականությանն աջակցելու համար, Արևմուտքի կողմից հասարակության վրա ամբողջական վերահսկողություն սահմանելու փորձի մի մասն է, կարծում է սերբ ռեժիսոր և երաժիշտ Էմիր Կուստուրիցան: Նրա խոսքերը փոխանցում է РИА Новости-ն։
«Եթե ինչ-որ մեկը սոցիալական ցանցերում գրում է Եկեղեցու նկատմամբ սպառնալիքների մասին, իսկ ուրիշները դրա համար նրան կալանավորում են, ապա դա Օրուելյան (տոտալիտար – AT) հասարակության ամենաբարձր մակարդակն է», – ասել է Կուստուրիցան։
Նա ուղղափառ եկեղեցին «քաղաքակիրթ ազատ աշխարհի» վերջին պաշտպանության գիծն է անվանել:
«Որովհետև մեր ազատությունը չափվում է հոգևոր ջանքերով, որոնք դրսևորվում են ստեղծագործության, հանրային միասնության, պատարագի նկատմամբ հարգանքի և ամեն ինչի մեջ, ինչը ստեղծում է այնպիսի ազատություն, որը փոխանցվում է մարդուց մարդուն, այլ ոչ թե մեկի կողմից մյուսի նվաճման միջոցով», – ընդգծել է ռեժիսորը։
Կարապետյանը հունիսի 17-ին մեկնաբանել էր Հայ Առաքելական եկեղեցու դեմ Հայաստանի իշխանությունների արշավը, որից հետո Ներքին գործերի նախարարության հատուկ նշանակության ստորաբաժանումները խուզարկություններ էին սկսել «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահի տանը՝ Երևանում։ Վարչապետը խիստ էր արձագանքել Կարապետյանի հայտարարությանը:
ՆԳՆ-ից Armenia Today-ին մեկնաբանել էին, որ Կարապետյանի առանձնատան մոտ «մի խումբ անձինք բերման են ենթարկվել, իրականացվում են օպերատիվ գործողություններ»։ Խուզարկության մեկնարկից մոտ ութ ժամ անց՝ գիշերը ժամը երեքին, Սամվել Կարապետյանը ոստիկանների ուղեկցությամբ դուրս էր եկել իր առանձնատնից և տեղափոխվել ՆԳՆ կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչություն, այնուհետև՝ Քննչական կոմիտե:
Ավելի ուշ ՔԿ-ն Armenia Today-ին հայտնել էր իշխանությունը զավթելու կոչեր անելու մեղադրանքով Կարապետյանին կալանավորելու միջնորդության մասին։ Ինքը՝ գործարարը, չի ընդունում մեղադրանքը և մտադիր է բողոքարկել այն բոլոր ատյաններում։ Կարապետյանի մամուլի ծառայությունն այս մեղադրանքներն անվանել էր ակնհայտ վախեցնելու և բռնաճշման փորձ։
Հունիսի 19-ին դատարանը երկու ամսով կալանավորել էր Կարապետյանին:
Կարդացեք նաև՝
ՔԿ-ն Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան