Անհայտ կորածների հարազատները (գտնվելու վայրն անհայտ) արդեն գրեթե 15 ժամ շարունակում են փակ պահել Երևանի Բաղրամյան պողոտան, տեղեկությունն Armenia Today-ին հաստատեց ՆԳՆ հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանը։
«Միջադեպեր չենք ունեցել, բերման ենթարկվածներ չկան»,- նշեց նա:
Անհայտ կորածների հարազատները պահանջում են Արմեն Աբազյանին վերականգնել ԱԱԾ տնօրենի պաշտոնում։
Աբազյանը գլխավորում էր Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովը: Նա վարչապետի որոշմամբ՝ հունիսի 18-ին ազատվել էր ԱԱԾ տնօրենի պաշտոնից։
Պաշտոնից Աբազյանի հեռանալը մտահոգություններ է առաջացրել անհայտ կորած անձանց հարազատների մոտ։ Նրանք ասել են, որ Աբազյանը խոստացել է մինչև վերջ իրենց կողքին լինել:
Հարցն ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ բարձրացրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը, որին ի պատասխան՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ բոլոր խոստումները մնում են ուժի մեջ։
Նա նշել է, որ անհայտ կորածների հարազատներն իրեն տվել են 5 հարց, որոնցով զբաղվելու է 2 ամսվա ընթացքում, իսկ հանդիպումը կայացել է 2 շաբաթ առաջ։
Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովը ձևավորվել էր 2022թ. հոկտեմբերի 20-ին: