ՀՀ մաքսային ծառայությունը նպատակահարմար չի համարել հայկական բեռնատարների՝ հայ-վրացական սահմանի հատումը՝ հաշվի առնելով վրացական մաքսային մարմիններում մեքենաների կուտակումները, հայտարարել է Պետական եկամուտների կոմիտեն:
Նշվում է, որ հօգուտ տնտեսվարողի նախաձեռնված միջոցառումը ժամանակավոր է՝ մինչև կկարգավորվի վրացական կողմի թողունակության հարցը։
Գերատեսչությունը վստահեցրել է, որ սահմանի վրացական հատվածում կուտակումների շուտափույթ կարգավորման պարագայում կկազմակերպվի հայկական մեքենաների պատշաճ բացթողումն անցակետից։
Ապրիլի կեսերից Ռուսաստան և Բալթյան երկրներ արտահանման համար նախատեսված հայկական կոնյակով և այլ ալկոհոլային խմիչքներով բեռնատարները երկարատև ստուգումներ են անցնում տարանցիկ երկրում և մնում վրացական անցակետերում: Մայիսի 13-ին և մայիսի 21-ին Հայաստանից կոնյակ արտահանողները բողոքի ակցիաներ էին իրականացրել ՀՀ-ում Վրաստանի դեսպանատան շենքի առջև՝ պահանջելով լուծում տալ իրենց ապրանքի արտահանման ժամանակ առաջացած խնդիրներին։
Հունիսի 4-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնել էր Վրաստանի շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարար Դավիթ Սոնգուլաշվիլիի Հայաստան այցի մասին՝ իրավիճակը քննարկելու համար: Հունիսի 7-ին վրացի նախարարի այցը չեղարկվել էր։