Մարտի 30-ի Գյումրիի ՏԻՄ ընտրությունների արդյունքներից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագրի» գյումրեցի անդամներին հրահանգել է քիչ խոսել և քիչ մեկնաբանություններ տալ, գրում է «Իրավունք» թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
«Մասնավորապես ասել է. «Դուք մենակ խոսում եք ու էդ կերպ էլ ավելի սրում իրավիճակը»: Ասել է՝ հիմա ժամանակն է հաշվի նստել իրականության հետ՝ այն իրականության, որի թիվ մեկ մեղավորը հենց իրենք են», – գրում է թերթը։
Միևնույն ժամանակ, թերթի տեղեկություններով, Գյումրիում ՔՊ ներկայացուցիչներն էլ իրենց հերթին են դժգոհել Փաշինյանից՝ ասելով. «Սաղ իր պատճառով է պրավալ գնացել, մի բան էլ մեզ է մեղադրում»:
ԿԸՀ տվյալներով՝ մարտի 30-ին Գյումրում ՔՊ-ն ստացել էր 17 188 քվե (14 մանդատ), Փարաքարում պարտվել էր՝ ստանալով 3669 քվե (7 մանդատ)։
Գյումրիի ընտրություններին մասնակցող «Իմ հզոր համայնք» կուսակցության և «Մայր Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները մարտի 31-ին՝ ընտրություններից հետո, հայտարարել էին իրենց ձայները Հայաստանի Կոմունիստական կուսակցության քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանին տալու որոշման մասին, ինչի արդյունքում իշխող ՔՊ-ն կզրկվի առաջատարի դիրքերից, քանի որ 50 տոկոսից ավելի ձայներ չի հավաքել։ Ընտրություններից 6 օր անց՝ ապրիլի 4-ին, իր ձայները Ղուկասյանին տալու մասին էր հայտարարել նաև «Մեր քաղաքը» դաշինքի թեկնածու Մարտուն Գրիգորյանը։