Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հետախուզական գործողություն է անվանել Հայաստանում եվրոպական դիտորդական առաքելությունը, որը նախատեսված է Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի ռեժիմը վերահսկելու համար։ Նրա խոսքերը մեջբերում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Նրանք լրտեսների պես գիշեր ու ցերեկ կանգնած են մեր սահմանների վրա, որոնում են սողանցքներ, որով կարող են հասնել մեզ: Մենք բավականաչափ տվյալներ ունենք, որ այդ առաքելությունն իր բնույթով ընտրովի է և հետախուզական»,- ասել է Ալիևը՝ Բաքվի 12-րդ Գլոբալ ֆորումի բացմանը։
Ադրբեջանի ղեկավարը նաև մտահոգություն է հայտնել Հայաստանին զենքի մատակարարման առնչությամբ՝ դրանք համարելով սպառնալիք տարածաշրջանի համար։
2023 թվականի փետրվարի 20-ին մեկնարկել էր ԵՄ-ի քաղաքացիական առաքելությունը Հայաստանում, 2023 թվականի դեկտեմբերին ԵՄ-ն որոշել էր Հայաստանում դիտորդների թիվը 138-ից հասցնել 209-ի:
2024 թվականի նոյեմբերի 23-ին Փաշինյանը հայտարարել էր, որ Ադրբեջանին առաջարկել է ԵՄ դիտորդներին հանել սահմանազատված հատվածներից։ Սեպտեմբերի 1-ին Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել էր, որ Երևանի և Բաքվի միջև սահմանազատման հանձնաժողովի վերաբերյալ պայմանավորվածությունը «բավարար է» ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանից դուրս բերելու համար։
Հունվարի 29-ին ԵՄ երկրների դեսպանները հավանություն էին տվել Հայաստանում դիտորդական առաքելության երկարաձգմանը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հունվարի 28-ին քննադատել էր հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ այն անվանելով «ուղղակի թղթի կտոր»։
Փետրվարի 25-ին Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական գործընկերության հանձնաժողովի համանախագահ Նիլս Ուսակովսը հայտարարել էր, որ Բաքուն և Մոսկվան քննադատում են ԵՄ դիտորդական առաքելությունը՝ դիտելով այն որպես սպառնալիք խաղաղության պայմանագրի համար։ Սակայն իրականում, ըստ Ուշակովսի, ԵՄ քաղաքացիական առաքելությունն օգնել է կայունացնել իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին։