Սիեթլում դաշնային դատավորը կասեցրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ծննդյան իրավունքով երկրի քաղաքացիության իրավունքը սահմանափակող հրամանագրի գործողությունը, տեղեկացնում է BBC-ն։
Դատավորը ժամանակավորապես կասեցրել է հրամանագրի գործողությունը, որը պետք է ուժի մեջ մտներ փետրվարի 19-ից՝ նկատելով, որ այն «ակնհայտորեն հակասահմանադրական է»:
Թրամփը հունվարի 20-ին՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին իսկ օրը հրամանագիր էր ստորագրել, ըստ որի՝ օտարերկրացիների երեխաները, որոնք երկրում գտնվում են անօրինական կամ նույնիսկ օրինական, բայց ժամանակավոր հիմունքներով, պետք է զրկվեն քաղաքացիություն ստանալու իրավունքից։
Մի քանի քաղաքների և Նահանգների իրավապաշտպան կազմակերպություններ և կառավարություններ, որոնցում գերակշռում են դեմոկրատները, հայցեր են ներկայացրել դաշնային դատարաններ:
Դրանցից առաջինը քննել է դատավոր Ջոն Քոֆենուրը։ Վարչակազմը հնարավորություն կունենա այս որոշումը վիճարկել ավելի բարձր ատյանի դատարաններում։





































