ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանին ՔՊ-ից հեռացնելուց հետո պատգամավորները երեկվանից՝ դեկտեմբերի 4-ից, հեռախոսային չաթերը «մաքրում են», գրել է «Հրապարակ»-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Թերթի տեղեկություններվ՝ նրանք մտավախություն ունեն, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարող է հասաանալիություն ստանալ նաև իրենց հեռախոսների պարունակությանը և դնել վարչության քննարկմանը, ինչպես Աղազարյանի դեպքում էր:
Օրաթերթը հայտնել է, որ Փաշինյանն անձամբ է կարդացել Աղազարյանի հեռախոսի անձնական զրույցներն ու տեղում պատասխան պահանջել նրանից։
«Ոմանք, լսելով Հովիկին ուղղված մեղադրանքները, հասկացել են, որ իրենք ավելի շատ «արտահոսքեր» են ապահովել և ավելի շատ «բարոյական նորմեր» են խախտել, մտադիր են անգամ հեռախոսներ փոխել, քանի որ հնարավոր է լինում անգամ ջնջված որոշ խոսակցություններ վերծանել»,- նշել է թերթը։
Ըստ թերթի՝ «ՔՊ»-ում մտավախություն ունեն, որ Աղազարյանի հետ տեղի ունեցածը, որին Փաշինյանը մտադիր է «ոչնչացնել», կարող է կրկնվել կուսակցության մյուս ներկայացուցիչների հետ։
Վարչապետն ԱԺ-ում հերքել էր Աղազարյանի այն հայտարարությունները, թե վերջինիս հեռախոսը քննիչն ավելի քան 10 օր իր մոտ է պահել, այնուհետև անձնական տվյալներով փոխանցել իրեն։
Փաշինյանն Աղազարյանին խնդրել էր մանդատը վայր դնել հոկտեմբերի 15-ին՝ Քննչական կոմիտեի այժմ արդեն նախկին ղեկավար Արգիշտի Քյարամյանի հետ ունեցած վիճաբանությունից հետո: Դեկտեմբերի 2-ին Աղազարյանը հայտարարել էր մանդատը վայր դնելու վարչապետի խնդրանքը մերժելու մասին։ Դեկտեմբերի 3-ին ՔՊ վարչության նիստում որոշում էր կայացվել Աղազարյանին հեռացնել կուսակցությունից։