Հունվարի 10-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԵՄ տեխնիկական գնահատման խմբի անդամներին՝ Մարչին Վիդռայի գլխավորությամբ: Այս մասին հայտնում են ԱԽ քարտուղարի գրասենյակից:
Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը:
ԱԽ քարտուղարը, ողջունելով խմբի անդամների այցը Հայաստան, բարձր է գնահատել դեկտեմբերի 19-ին ավարտված ԵՄ դիտորդական առաքելության գործունեությունը և մեկ անգամ ևս վերահաստատել Հայաստանի պատրաստակամությունը նպաստելու նոր քաղաքացիական առաքելության աշխատանքներին: Կողմերն անդրադարձել են ԵՄ նոր քաղաքացիական առաքելության գործունեության շրջանակներին, դրա տեղակայմանը և քննարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԵՄ տեխնիկական գնահատման խումբը Հայաստան է գործուղվել նոր առաքելության տեղակայման հնարավորությունը դիտարկելու համար:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ Եվրոպական դիտորդների նոր տեխնիկական առաքելությունը Հայաստանում է:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԵՄ խորհուրդը Հայաստանի կառավարության հետ պայմանավորվել է, որ Վրաստանում ԵՄ մոնիթորինգային առաքելությունից Հայաստան կուղարկվի աջակցության խումբ: Մինչ այդ Հայաստանում հոկտեմբերից աշխատել է մինչև 40 փորձագետներից բաղկացած ԵՄ դիտորդական առաքելությունը։ Առաքելության մանդատն ավարտվել է դեկտեմբերի 19-ին։