Քաղաքացին Լուսինե Ավագյանը Երևանի քաղաքացիական դատարան հայց է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ՝ պահանջելով հերքել իր հայտարարությունը, թե ընդդիմադիր քաղաքական ուժերը ձայները ստացել են «100 տոկոսով ընտրակաշառքով», տեղեկանում ենք Datalex դատական տեղեկատվական համակարգից։
Հայցը դատարան է մուտքագրվել հուլիսի 10-ին։ Ավագյանը դատարանից պահանջում է իրականությանը չհամապատասխանող և իր պատիվը, արժանապատվությունն ու բարի համբավը արատավորող ճանաչել Փաշինյանի՝ հունիսի 11-ին հնչեցրած հայտարարությունն այն մասով, որը վերաբերում է իրեն՝ որպես ընդդիմադիր քաղաքական ուժի օգտին քվեարկած քաղաքացու։
Հայցվորը պահանջում է պարտավորեցնել վարչապետին դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում հրապարակայնորեն հերքել այդ հայտարարությունը և ներողություն խնդրել իրենից։ Նա նաև պահանջում է ապահովել հերքման և ներողության հրապարակումն ու տարածումը մի շարք լրատվամիջոցներով։
Բացի այդ, Ավագյանը պահանջում է Փաշինյանից բռնագանձել 3 մլն դրամ՝ որպես զրպարտությամբ պատճառված վնասի փոխհատուցում, ևս 3 մլն դրամ՝ վիրավորանքի համար, ինչպես նաև 230 հազար դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրքի փոխհատուցում։
Ավելի վաղ վարչապետի դեմ համանման հայց էր ներկայացրել նաև «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։ Նա ևս վիճարկել էր Փաշինյանի՝ հունիսի 11-ին արած հայտարարությունը, թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է «100 տոկոսով օրգանական ձայն», իսկ մյուս քաղաքական ուժերը՝ «100 տոկոսով ընտրակաշառքով»։ Գալստանյանը պահանջել է հրապարակային հերքում, ինչպես նաև Փաշինյանից բռնագանձել 49,7 դրամ՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում և պետական տուրքի գումարը։






































