ԱՄՆ-ն և Իրանը հրթիռների ու անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ նոր հարվածներ են փոխանակել Պարսից ծոցում, հայտնել է Reuters-ը։
ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարության (CENTCOM) տվյալներով՝ ամերիկյան զինված ուժերը հարվածել են Իրանի 140 ռազմական օբյեկտի։ Նշվում է, որ վերջին երեք գիշերվա ընթացքում ընդհանուր առմամբ թիրախավորվել է ավելի քան 300 օբյեկտ՝ «թուլացնելու Իրանի կարողությունը՝ հարձակվելու քաղաքացիական նավաստիների և Հորմուզի նեղուցով ազատ երթևեկող առևտրային նավերի վրա»։
Իրանական լրատվամիջոցները հայտնել են երկրի մի շարք նավահանգստային քաղաքներում պայթյունների մասին։ Ի պատասխան՝ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ ոչնչացրել է Հորդանանում ԱՄՆ-ի հրամանատարական կենտրոնն ու անօդաչուների անգարները, հարվածել Քուվեյթում տեղակայված ամերիկյան ռադիոլոկացիոն կայանին, ինչպես նաև Կատարում գտնվող ինքնաթիռների տեխնիկական սպասարկման կենտրոնին և հրամանատարական կետին։
Իրանը նաև հայտարարել է, որ հարվածներ է հասցրել Հորմուզի նեղուցով «չթույլատրված երթուղով» շարժվող երկու նավի։ ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ նեղուցը փակ կմնա մինչև «ԱՄՆ-ի միջամտության դադարեցումը տարածաշրջանում»։
Կատարի կառավարությունը հայտնել է, որ հարվածների հետևանքով բեկորներից երեք մարդ է վիրավորվել, այդ թվում՝ մեկ երեխա։ ԱՄԷ-ն հայտարարել է, որ իր հակահրթիռային պաշտպանության համակարգերը խոցել են իրանական հրթիռներն ու անօդաչուները, իսկ Բահրեյնում հնչել են օդային տագնապի ազդանշաններ։
ԱՄՆ-ն և Իսրայելը ռազմական գործողություններ էին սկսել Իրանի դեմ փետրվարի 28-ին, որից հետո Վաշինգտոնն ու Թեհրանը փոխըմբռնման հուշագիր էին ստորագրել, որը նախատեսում էր ռազմական գործողությունների դադարեցում, Հորմուզի նեղուցի վերաբացում, ինչպես նաև Իրանի միջուկային ծրագրի և ԱՄՆ պատժամիջոցների վերաբերյալ փոխադարձ պարտավորություններ։
Հուլիսի 9-ին Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարն այլևս ուժի մեջ չէ, և որ Թեհրանի հետ հետագա բանակցություններն անիմաստ են։






















