Թուրքիայի իրավապահ մարմինները ձերբակալել են Ստամբուլի հայկական գերեզմանատունը պղծելու մեջ կասկածվող Մ․ Կ․-ին, հայտնել է Ermenihaber-ը։
Ըստ լրատվականի՝ նրան ձերբակալել են դեպքից գրեթե 2 օր անց։
Կասկածյալին տեղափոխել են Ստամբուլի գլխավոր դատախազություն, որից հետո կալանավորելու միջնորդությամբ ներկայացրել են դատարան։ Իրավապահ մարմինները շարունակում են պարզել դեպքի հանգամանքները։
Հայ Առաքելական Եկեղեցու Կոստանդնուպոլսի պատրիարքարանը հուլիսի 9-ին հայտնել էր, որ անհայտ անձը վնասել է Ուսքյուդար թաղամասի Սուրբ Կարապետ եկեղեցուն կից հայկական գերեզմանատան վեց տապանաքարը և ցայտաղբյուրը։ Պատրիարքարանի տվյալներով՝ հուլիսի 7-ի լույս 8-ի գիշերը չարագործը ներխուժել է գերեզմանատան տարածք, ինչից հետո քաղաքային իշխանությունը դիմել է իրավապահ մարմիններին։
ՀԱԵ Կոստանդնուպոլսի պատրիարքարանը դատապարտել էր հարձակումը՝ այն անվանելով ոտնձգություն համայնքի համար սրբազան վայրերի նկատմամբ, և հույս հայտնել, որ մեղավորը կպարզվի ու կենթարկվի պատասխանատվության։






































