Ամերիկացի դերասան, պրոդյուսեր և ծագումով հայ ռեժիսոր Ջո Մանգանյելոն Bloodlines վերնագրով («Արյունակցական կապեր») հուշագրություններ լույս կընծայի: Նա այս մասին հայտնել է X սոցիալական ցանցում։
Ըստ հրատարակիչների՝ գիրքը հրատարակվելու է 2026 թվականի հոկտեմբերի 13-ին՝ Avid Reader Press (Simon & Schuster-ի մասնաճյուղ) հրատարակչության կողմից և կդառնա «խորապես անձնական և էմոցիոնալ առումով մասշտաբային պատմություն»:
Գրքում դերասանը պատմում է ծանր աուտոիմուն հիվանդությունների դեմ յոթնամյա պայքարի մասին, որոնք ախտահարել էին նրա մաշկը, վահանաձև գեղձը, աչքերը, թոքերն ու մարսողական համակարգը: Նա նաև նկարագրում է իր գոյաբանական ճգնաժամը և տևական բուժումը, որն ավանդական բժշկությունը չի կարողացել հաղթահարել:
«Այդ ժամանակաշրջանը խելահեղ էր. քրոնիկ ցավեր, օրգանի անդամահատում, էքզիստենցիալ ճգնաժամ և գոյատևման երկարատև պայքար, որի առջև բժիշկներն անզոր գտնվեցին»,- ասվում է հուշագրությունների համառոտագրության մեջ։
Ըստ Մանգանյելոյի՝ ապաքինում փնտրելիս նա դիմել է ոչ ավանդական մեթոդների, այդ թվում՝ հոգևոր և ծիսական պրակտիկաների, ինչպես նաև ուսումնասիրել է իր ընտանիքի պատմությունը: Հետազոտության ընթացքում նա բացահայտել է իր հայկական արմատները:
«Սա իմ կյանքի ամենադաժան ու ծանր ժամանակն էր... բայց միևնույն ժամանակ այն դարձավ իմ մեծագույն արկածը»,- գրել է նա։
Մանգանյելոն հույս է հայտնել, որ իր փորձը կօգնի ընթերցողներին հույս և ըմբռնում գտնել կյանքի բարդ հանգամանքներում:
Նրա մայրական մեծ տատը՝ Թերվիզ Դարաքջյանը, 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը վերապրածներից էր: Նա կորցրել էր ամուսնուն և ութ երեխաներին, սակայն կարողացել էր ողջ մնալ և պահպանել ընտանիքի պատմությունը։
Դերասանը նախկինում ևս բազմիցս պատմել է իր հայկական արմատների մասին, այցելել իր նախնիների պատմական հայրենիք և ընդգծել ընտանեկան պատմության պահպանման կարևորությունը:



































