«Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր, գնդապետ Էդիկ Մալոյանը 2 ամսով կալանավորվել է, տեղեկությունն Armenia Today-ին հաստատել են Քննչական կոմիտեից։
Այսօր ավելի վաղ «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը հայտնել էր Մալոյանի ձերբակալության մասին։ Մալոյանն այն զինվորականն է, ով 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ հետ էր վերադարձրել հերոսներ Ռոբերտ Աբաջյանի ու Արմենակ Ուրֆանյանի դիրքերը։
ՔԿ-ն հրապարակել էր գործի մանրամասները՝ Մալոյանին մեղադրելով պետական գաղտնիք հանդիսացող տեղեկություն հրապարակելու մեջ։ Ըստ քննչական մարմնի վարկածի՝ հանդիսանալով Պաշտպանության նախարարության զորամասերից մեկի հրամանատար և չունենալով պետական գաղտնիք հանդիսացող տեղեկություններին հասանելիության թույլտվություն՝ Մալոյանը նույն զորամասի գաղտնիության ռեժիմի սպա Ռ. Ջ.-ին, ով ունեցել է համապատասխան թույլտվությունը, դրդել էր հրապարակել գաղտնի տեղեկատվություն։ Դրանից հետո, ըստ նախաքննության տվյալների, գնդապետն ինքն էր հրապարակել այդ տեղեկությունները։
Գործով անցնող Ռոման Ջավադյանը ևս երկու ամսով կալանավորվել էր։

































