Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան քննադատել է Հայաստանում քննարկվող Ընտրական օրենսգրքի փոփոխությունները, որոնք ընտրություններին և հանրաքվեներին մասնակցելու իրավունք են նախատեսում միայն այն քաղաքացիների համար, ովքեր քվեարկության օրվանից առաջ առնվազն 6 ամիս բնակվել են երկրում:
Ըստ նրա՝ առաջարկվող փոփոխությունները Հայաստանի քաղաքացիների մի մասին զրկում են ընտրություններին մասնակցելու իրավունքից, իսկ «Կրեմլի հիբրիդային հարձակումներից» պաշտպանվելու անհրաժեշտության մասին բացատրությունները չեն համապատասխանում իրականությանը։
Ավելի վաղ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը շրջանառության մեջ էր դրել օրինագիծ, համաձայն որի՝ խորհրդարանական ընտրություններին և հանրաքվեներին կկարողանան մասնակցել միայն Հայաստանի այն չափահաս քաղաքացիները, ովքեր վերջին մեկ տարվա ընթացքում առնվազն 6 ամիս բնակվել են երկրում։ Խորհրդարանը համապատասխան փոփոխությունները կքննարկի հուլիսի 2-ի արտահերթ նիստում:





































