Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Հայաստանի առանձին բանկեր սկսել են խստացնել կանխիկ ռուսական ռուբլու մուտքագրման պայմանները՝ սահմանելով միջնորդավճարներ և սահմանափակումներ, գրում է ՌԲԿ-ն։
Լրատվամիջոցի տվյալներով՝ խոսքը, հիմնականում, վերաբերում է ֆիզիկական անձանց՝ ոչ ռեզիդենտների հաշիվներին կանխիկ ռուբլու մուտքագրմանը։ Սահմանափակումները և միջնորդավճարները պայմանավորված են ռուսական ազգային արժույթի ավելցուկին, որը դժվար է օգտագործել հաշվարկներում և թանկ է սպասարկել։
Կայքի փոխանցմամբ՝ Բելառուսում առնվազն 8 բանկ արդեն սահմանել է 2-5% միջնորդավճար՝ ոչ ռեզիդենտների ընթացիկ հաշիվներին կանխիկ ռուբլի մուտքագրելու համար։
Բելառուսական Myfin-ը գրել է, որ նման պայմաններ են սահմանել, մասնավորապես, ՄՏԲանկը, ԲՆԲ-Բանկը և Տեխնոբանկը․ ՄՏԲանկի և ԲՆԲ-Բանկի դեպքում միջնորդավճարը կազմում է 5%, իսկ Տեխնոբանկի դեպքում՝ 2%։
Ղազախստանում Bank CenterCredit-ը հայտնել է, որ հունիսի 16-ից բիզնես հաճախորդների համար ուժի մեջ են մտել կանխիկ գործառնությունների սակագների փոփոխություններ, որոնց համաձայն՝ կանխիկ ռուբլու ընդունման միջնորդավճարը կազմում է 5%։
Ղրղզստանում EcoIslamicBank-ը 5% հունիսի 19-ից միջնորդավճար է սահմանել ոչ միայն կանխիկ ռուբլու մուտքագրման, այլև SWIFT համակարգով ռուբլային փոխանցումների համար։
ՌԲԿ-ն, միաժամանակ, նշում է, որ Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի բանկերը պաշտոնապես չեն հայտնել անկանխիկ ռուսական ռուբլով գործառնությունների սահմանափակումների մասին։
Հայաստանում առանձին բանկեր ևս միջնորդավճարներ են կիրառում կանխիկ ռուբլու մուտքագրման համար։ Օրինակ՝ «Ինեկոբանկի» գործող սակագներում նշված է, որ վարկի մարման նպատակով ռուբլու կանխիկ մուտքագրումն անվճար է, իսկ մյուս դեպքերում գործում է 2% միջնորդավճար։
Ավելի վաղ Ռուսաստանը սահմանափակել էր կանխիկ ռուբլու արտահանումը ԵԱՏՄ երկրներ․ ֆիզիկական անձինք ապրիլի 1-ից չեն կարող արտահանել 100 000 դոլարին համարժեքից ավելի կանխիկ ռուբլի, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար սահմանափակումները գործում են՝ անկախ գումարի չափից։






































