ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հունիսի 29-ին ընդունել է կոնգրեսական Լաուրա Ֆրիդմանի օրինագիծը, որով առաջարկվում է Կալիֆոռնիայի Գլենդել քաղաքի Սան Ֆերնանդո Ռոուդում գտնվող ԱՄՆ փոստային ծառայության բաժանմունքն անվանակոչել ամերիկահայ պետական գործիչ Փոլ Իգնատիուսի պատվին։
Օրինագիծն այժմ կքննարկվի Սենատում, որտեղ այն ներկայացնում է սենատոր Ադամ Շիֆը։
Իգնատիուսը ծնվել է 1920 թվականին Գլենդելում՝ Հայոց ցեղասպանությունից փրկված հայ ներգաղթյալների ընտանիքում։ Երիտասարդ տարիներին նա աշխատել է հենց այն փոստային բաժանմունքում, որն այժմ նախատեսվում է անվանակոչել իր պատվին։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Իգնատիուսը ծառայել է ԱՄՆ ռազմածովային ուժերում, իսկ հետագայում զբաղեցրել է ԱՄՆ բանակի քարտուղարի օգնականի, բանակի փոխքարտուղարի, Պաշտպանության նախարարի օգնականի և ռազմածովային ուժերի քարտուղարի պաշտոնները՝ ծառայելով երկու նախագահական վարչակազում։ Նա վաստակի համար արժանացել է ԱՄՆ բանակի, ռազմածովային ուժերի և պաշտպանության նախարարության բարձրագույն քաղաքացիական պարգևների, իսկ նրա պատվին անվանակոչվել է նաև ԱՄՆ ռազմածովային ուժերի հրթիռային կործանիչը՝ USS Paul Ignatius-ը։
«Իգնատիուսին բոլորս պետք է ձգտենք նմանվել։ Նա ներգաղթյալների որդի էր, որը ծառայեց իր երկրին և մինչև կյանքի վերջ շարունակեց ծառայել իր համայնքին»,- հայտարարել է կոնգրեսական Ֆրիդմանը՝ կոչ անելով Սենատին առանց հապաղելու ընդունել օրինագիծը։






































