ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ, «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների խզումը ծանր հետևանքներ կունենա ՀՀ քաղաքացիների համար։
«Տասնամյակներով ձևավորված կապերի խզումն անխուսափելիորեն ծանր հետևանքներ կունենա Հայաստանի շարքային քաղաքացիների համար, սակայն Եվրամիությանը դա բացարձակապես չի հետաքրքրում։ Ափսոս, որ ՀՀ ներկայիս իշխանությունների քաղաքական հավակնությունները վեր են ազգային շահերից»,- նշել է Մեդվեդևը։
Նա նաև անդրադարձել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու գործընթացին՝ այն որակելով ընդդիմության դեմ ճնշումների նոր փուլ։
«Չենք կարող անտարբեր մնալ մեզ եղբայրական Հայաստանի ներքաղաքական գործընթացների նկատմամբ։ Այդ քայլը դիտարկում ենք որպես իշխանություններին անհարմար ընդդիմության նկատմամբ ճնշումների նոր փուլ»,- ասված է «Եդինայա Ռոսիայի» մամուլի ծառայության տարածած հայտարարությունում։
Մեդվեդևի խոսքով՝ ընտրությունների ընթացքում վարչական ռեսուրսի լայն կիրառումն ու ընդդիմության նկատմամբ ճնշումները հակասում են ՀՀ իշխանությունների՝ ժողովրդավարական սկզբունքներին հավատարիմ լինելու մասին հայտարարություններին։ Նա նաև պնդել է, որ ընդդիմախոսների նկատմամբ գործողությունները հաճախ ուղեկցվում են նրանց բիզնես ակտիվների «խլմամբ», իսկ այդ ամենը, նրա խոսքով, տեղի է ունենում Արևմուտքի «լիակատար լռության պայմաններում»։
Նրա գնահատմամբ՝ արևմտյան երկրներն աննախադեպ կերպով միջամտել են Հայաստանի ընտրական գործընթացներին և Հայաստանը դիտարկում են որպես Ռուսաստանի դեմ պայքարի գործիք՝ փորձելով քաղաքական դաշտը մաքրել Մոսկվայի հետ առողջ հարաբերությունների կողմնակից ուժերից։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը կշարունակի հետևել Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին և Հայաստանի իշխանությունների իրական մտադրությունների մասին կդատի ոչ թե հայտարարություններով, այլ գործնական քայլերով։
Մայիսի վերջից և հունիսի սկզբից «Ռոսսելխոզնադզորն» արգելել էր Հայաստանից ծաղիկների, մրգերի, բանջարեղենի և չրերի ներմուծումն ու տարանցումը ՌԴ, ինչպես նաև պահանջել էր կասեցնել ձկնամթերքի և ձկան անասնաբուժական սերտիֆիկատների ձևակերպումը և հայտնել անորակ ալկոհոլային արտադրանքի հայտնաբերման մասին։ Սահմանափակումները կգործեն մինչև հայկական կողմը մշակի անվտանգության ապահովման համապատասխան ընթացակարգ։
Այս ֆոնին Հայաստանի իշխանությունները հունիսի սկզբին հայտարարել էին այլ երկրներ արտահանման հնարավորության և ՌԴ սահմաններից վերադարձվող ապրանքների սուբսիդավորման մասին։ Միաժամանակ, Երևանից ընդգծել էին, որ նպատակ չունեն ռուսական շուկայից արտահանումը վերաուղղել դեպի Եվրոպա։
Հունիսին Հայաստանից Լատվիա արտահանվել էր 5500, Լիտվա՝ 11 000, իսկ Ուկրաինա՝ 9500 ծաղիկ։ «Ռոսսելխոզնադզորում» նշել էին, որ 2025-ին ՌԴ-ում ծաղիկների ներմուծման ծավալը կազմել էր 96,2 մլն (հատ)։ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ մինչ այժմ հայկական խմիչքների, սննդամթերքի և ծաղիկների արտահանման 84%-ից մինչև 98%-ն ուղղվել է ռուսական շուկա։
Financial Times պարբերականը հայտնել էր, որ ՌԴ սահմանափակումների ֆոնին Եվրահանձնաժողովը Հայաստանի հետ առևտրային հարաբերությունները բարելավելու նպատակով հրատապ կարգով միջոցառումների փաթեթ է պատրաստում։
Կարդացեք նաև


























